Զուգդիդիի միջադեպը վրաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: «Interpressnews»-ը գրել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Զուգդիդիի շրջանի Ջիխարկա գյուղում հանդիպել է բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում մի խումբ երիտասարդներ մոտեցել են նրան և դիմել հետևյալ բառերով. «օրգանների վաճառական»: Երիտասարդների և Սանդրա Ռուլոֆսի կողմակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ապա «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների խնդրանքով երիտասարդները հեռացել են:
Նույն` «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքը դեպքի առիթով հոդված է հրապարակել` «Կորցխելի 2-Ջիխաշկարայում ձախողել են Սանդրա Ռուլոֆսի՝ ընտրողների հետ հանդիպումը» վերնագրով: Հոդվածում մասնավորապես նշված է, որ «Միացյալ ազգային շարժում»-ը հայտարարել է, թե Ջիխաշակարա գյուղում տեղի ունեցածը կապված է Կորցխելիում տեղի ունեցած միջադեպի հետ:Ընդդիմությունը վստահ է, որ իրավիճակը փորձել են լարել «Վրացական երազանք»-ի` տեղական կազմակերպության երիտասարդական թևի ներկայացուցիչները: Հեռուստաալիքը փոխանցում է, որ այնպես ինչպես Կորցխելիի միջադեպի ժամանակ, այնպես էլ նոր դեպքին Ոստիկանությունը չի արձագանքել: Ներքին գործերի նախարարությունը միջադեպի վերաբերյալ հետաքննություն չի սկսել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կորցխելիում «Միացյալ ազգային շարժման» մի քանի ակիտիվիստներ ծեծի էին ենթարկվել: Այն ժամանակ միջադեպի հետ կապված շրջանառվեց փոխվարչապետ Կախա Կալաձեի անունը:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ «Հայրենասերների դաշինք» կուսակցության ծրագիրը լավ չի հասկացել: «Ինչ վերաբերվում է «Հայրենասերների դաշինք»-ին, ես նրանց ծրագիրը չեմ հասկացել, ի՞նչ են ուզում: Ես ևս մեկ անգամ ավելի խորը կուսումնասիրեմ այն: Ես կարող եմ դրական կողմը ասել: Սա (Հայրենասերների դաշինքը`խմբ.) միակ կուսակցությունն է, որն իրականում փորձում է ճիշտ ներկայացնել «Միացյալ ագային շարժմանը»։ Իվանիշվիլին վստահ է, որ «Վրացական երազանք»-ը Խորհրդարանում մեծամասնություն կկազմի` առանց որևէ կուսակցության օգնության: «Կառավարություն կազմելու համար «Վրացական երազանք»-ին գործընկեր հարկավոր չի լինի: Նրանք Խորհրդարան կմտնեն 100 ձայնով, և կուսակցությունը կհամագործակցի բոլորի՝ այդ թվում նաև «Միացյալ ազգային շարժման» հետ,-ասել է Իվանիշվիլին:
Լրատվամիջոցները մեջբերել են Վրաստանի խորհրդարանի նախագահ, «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլիի հայտարարությունը. «Խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու առաջարկություն ստացել եմ դեռևս 2003-ին` Սահակաշվիլիից»: Այս թեման Հանրապետականի առաջնորդը հիշել է` ի պատասխան Իվանիշվիլիի այն հայտարարության, թե Ուսուփաշվիլին խորհրդարանի նախագահ է դարձել իր օգնությամբ և կոալիցիայի կազմում: Դավիթ Ուսուփաշվիլին հայտարարել է. «Վրացական երազանք» կոալիցիան այն ուժն էր, որը կարողացավ «հրեշին պարտության մատնի, որի անունը Միխեիլ Սահակաշվիլի է»: «Ոչ Խորհրդարանի նախագահի, ոչ ընտրացուցակների առաջին համարների` Սահակաշվիլիի առաջարկներին չեմ համաձայնել: Հիմա նույնն եմ ասում Բիձինա Իվանիշվիլիին և ինչպես երևում է` սա նրա համար անտանելի է»,֊ հայտարարել է Ուսուփաշվիլին: