Վրաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում Վրաստանի Իմերեթիի շրջանի քրեական ոստիկանության վարչության պետի ձերբակալումն էր: «Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ վերջինիս ձերբակալել են` մեծ չափերի կաշառք վերցնելու մեղադրանքով: Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկությունը հաստատել է: Նախարարության տվյալներով՝ ձերբակալվել է նաև քննիչ Զուրաբ Ջ.-ն: Հետաքննության համաձայն՝ սույն թվականի օգոստոսի 16-ին ՆԳՆ-ի քրեական ոստիկանության կենտրոնական վարչության Իմերեթիի տարածքային բաժնի աշխատակիցները, ապօրինի կերպով թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, նրա հետ միասին, որպես վկա, ոստիկանության վարչություն են տարել ևս մեկ մարդու:
«Ոստիկանության շենքում գտնվելու ժամանակ, վկայի կարգավիճակ ունեցող Բ.Ու-ին հանիպել է ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական վարչության Իմերեթիի տարածաշրջանային բաժնի պետ Գիորգի Կաջարավան, ով նշված քաղաքացուց անվտանգության երաշխիքի համար որոշակի գումար է պահանջել»,- գրում է պարբերականը:
Հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի երկրորդ կետի հատկանիշներով, ինչը ենթադրում է 11-15 տարի ազատազրկում:
«Interressnews»-ը տեղեկացնում է, որ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության` Ախալցիխեի և Ադիգենի մեծամասնական թեկնածու Գիորգի Կոպաձեն հանդիպել է Ադիգեն ավանի և Ուդե գյուղի բնակիչներին: Կուսակցության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած այս հանդիպմանը, իշխող կուսակցության թեկնածուն տեղացիների հետ խոսել է 2012-ից մինչ օրս իշխանության ձեռքբերումներից, իրականացրած նախագծերից և «Բարձր լեռնային շրջանների մասին»օրենքից.
«Իշխանության գալուց անմիջապես հետո, «Վրացական երազանք»-ը գյուղատնտեսության ոլորտում մասշտաբային բարեփոխումներ է իրականացրել:Իշխանությունն ուշադրությունը կենտրոնացրել է արտադրության զարգացման վրա, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծվեն`բարձր լեռնային շրջաններում կյանքի մակարդակի բարելավման համար: Ազատություն, արագ զարգացում՝ սա մեր յուրաքանչյուրիս նպատակն է»,- հայտարարել է Գիորգի Կոպաձեն:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հանդիպել է կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, նրանց ծանոթացրել կուսակցության նախընտրական ծրագրին: Ինչպես հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդը՝ կրոնական փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանված լինեն:
«Բոլոր քաղաքացիներն, անկախ նրանց կրոնական պատկանելությունից, ինքնադրսևորման հնարավորություն կունենան»,- խոստացել է Ալասանիան:
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է վրաստանցի հայտնի լրագրողուհի Էթեր Ճիճինաձեն՝ այս մասին տեղեկացնում է «Frontnews» պարբերականը: Էթեր Ճիճինաձեն 4 տասնամյակ շարունակ աշխատել է Վրաստանի հեռուստատեսության հիմնական խմբագրությունում, մասնակցություն է ունեցել առաջին հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի ստեղծման գործում:
Միևնույն պարբերականի փոխանցմամբ՝ «Սա քեզ է վերաբերում» նախաձեռնությունն անդրադարձել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի և «Պետությունը ժողովրդի համար» քաղաքական դաշինքի առաջնորդ Պաատա Բուրճուլաձեի միջև տեղի ունեցած` տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող գաղտնալսմանը: Նախաձեռնությունը կոչ է արել Կառավարությանը` կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ պայքարելու ապօրինի հսկողության և գաղտնալսումների դեմ. «Գաղտնալսումը տարիներ շարունակ համակարգային խնդիր է հանդիսանում: Առայժմ, պետությունը չի ապահովել դրանց արդյունավետ հետաքննությունը»,- մասնավորապես ասված է «Սա քեզ է վերաբերում» նախաձեռնության կողմից տարածած հայտարարության մեջ:
«Netgazeti.ge» պարբերականի փոխանցմամբ՝ Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցվել է 3 թեկնածու՝ փիլիսոփա Գիորգի Բարամիձեն, Կրթության նախարարի նախկին տեղակալ Գիորգի Շերվաշիձեն և համալսարանի պրոֆեսոր Ցիրա Բարամիձեն: ԹՊՀ-ի ռեկտորի թեկնածուների գրանցումը տևել է սեպտեմբերի 9-14-ը: Ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 23-ին: Մինչ այդ բուհի ռեկտորի պարտականությունները կատարում է Դարեջան Թվալթվաձեն: