Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբեկյան սրահում Հունվարի 21-ին տեղի ունեցավ ազգությամբ թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատի «Ով եմ ես» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր 10 տարի առաջ Թուրքիայում սպանված «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Հրանտ Դինքի հիշատակին:
Մինչ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում , Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրազախանյանի գլխավորությամբ կատարվեց Հրանտ Դինքի հոգեհանգստյան արարողություն, որին հաջորդեց ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Լուսանկարների հեղինակի խոսքերով, ցուցահանդեսը հատուկ նշանակություն ունի իր համար, քանի որ այն նվիրված է հենց Դինքի հիշատակին:
«Այս լուսանկարներն արվել են Արևմտյան Հայաստանում, ներկայիս արևելյան Թուրքիայում, որտեղ մեծամասամբ քրդեր են ապրում: Սա երրորդ ցուցահանդեսն է: Առաջինը արվել է ապրիլի 24-ին Ստամբուլում, որը տևել է մեկ ամիս: Այնուհետև լուսանկարները ներկայացվել են Երևանում:Այս ցուցահանդեսը հատուկ նշանակություն ունի ինձ համար, քանի որ նվիրվում է Հրանտ Դինքի հիշատակին: Դինքը, ով Թուրքիայում հայտնի իրավապաշտպան էր, պայքարում էր ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի, քրդերի եւ այլոց համար: Նա խաղաղության պաշտպան էր, ցավոք նրա սպանությունից հետո էլ այդ խաղաղությունը Թուրքիայում չեղավ: Մինչ օրս, թուրքական պետությունը Դինքի սպանության գործով մի շարք մանրամասներ գաղտնի է պահում: Քանի դեռ Թուրքիան չի հասկացել, թե ինչ նկատի ուներ Դինքը, երկրում խաղաղություն չի լինի»:
Ցուցահանդեսին ներկա էին նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանատան խորհրդական Կարեն Մելիքյանը իր խոսքը եզրափակեց հույս հայտնելով, որ թուրք լուսանկարչի հետ այլևս ընկերներ են: «Թուրքական պետության էությունը չի փոխվել մինչ օրս: Դրա խոսուն վկաներն են նաև մեր թուրք ընկերոջ լուսանկարները: Հայաստանը ձգտել և ձգտում է բոլոր հարևանների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ, բայց ցավոք սրտի Թուրքիայի իշխանության դիրքորոշումը չի տալիս դրա հնարավորությունը: Դրա մասին է վկայում այն փաստը, որ Թուրքիայում ճնշվում են և թուրք քաղաքացիներ և ազգային մյուս փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ: Մենք` հայերս, պետք է աջակցենք այն մարդկանց, ում ճնշում են Թուրքիայում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտել ինչպես այն թուրքերին, ովքեր 100 տարի առաջ փրկել են բազմաթիվ հայի կյանքեր, այնպես էլ Ումուտ Վեդատին, սեղմել իր ձեռքը և ասել, որ մենք ընկերներ ենք»:
Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանի խոսքերով, նա Դինքի հետ ծանոթ է եղել 1993 թվականից: «1993 թվականին 3 օրով եղել եմ Ստամբուլում և քաղաքը տեսել եմ նրա աչքերով: Արդեն տաս տարի անց Դինքի հետ եւս մի հանդիպում ունեցա: Գիշերվա ժամը 1-ին Դինքը զանգահարեց ինձ: Նա գալիս էր կամ Մյունխենից, կամ Լոնդոնից և ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Թբիլիսիում, քանի որ Երևանում եղանակային անբարենպաստ պայմաններ էին: Շտապ գնացի օդանավակայան եւ մենք մի քանի ժամ միասին անցկարինք»:
Ուշագրավ է, որ ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ոչ միայն Թբիլիսիի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ այլեւ ազգությամբ վրացիներ: Նրանց թվում էր նաև գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, Թիֆլիսի հայ համայնքին և մնացած բոլորին: Այն, ինչ Ումուտը անում է այստեղ, դա հենց այն բազմամշակույթ ոգուն է հարիր, որին սովոր ենք Թբիլիսիում: Հատուկ շնորհակալություն Ումուտ Վեդատին, ով կարողացել է կազմակերպել այս ծրագիրը: Այսօր աշխարհը բաժանված է շատ տեղերում ազգայնականության, ինքնության քաղաքականության և այլ պատճառներով եւ հենց նմանատիպ նախաձեռնությունները կարող են լուծում դառնալ առկա իրավիճակից: Հարյուրամյակներ շարունակ Թիֆլիսի միջազգային էության համար կարևորագույն գրավականներից հանդիսացած հայ համայնքը իր դերակատարությունը պիտի շարունակի և շատ կցանկանայի, որպեսզի Ումուտը ապրի այստեղ և շարունակի նմանատիպ ծրագրեր իրականացնել հենց հայ համայնքի հետ մեկտեղ»:
Ցուցահանդեսի եզրափակիչ մասում խոսքով հանդես եկավ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը.
«Ողջունելի է նման նախաձեռնությունները, որովհետև այս ամբողջով հիշում ենք ոչ միայն մեր սիրելի հրանտ Դինքին, այլ մեկ անգամ ևս աշխարհը բարձրացնում է մարդկության խղճի ձայնը, այն է` Թուրքիան պետք է նայի իր պատմությանը, և քայլեր կատարի այդ պատմության սև բծերը իր կյանքից վերացնելու համար և այսօր մեկ ու կես միլիոն պլյուս մեկ ցելասպանված հայության անեծքը այսօր գործում է: Ցավոք, գրեթե օր չկա, որ այսօրվա Թուրքիայում ահաբեկչություն, պատերազմական գործողություններ չլինեն: Եվ մինչև այդ թափված արյունը չմաքրվի`այդպես էլ շարունակվելու է»:
Նշենք նաև, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 1-ը: