«Մինչև վերջին զինվորը դուրս չգա բանտից ես դուրս չեմ գալու»,- այս հայտարարությամբ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան հրաժարվել էր հատուկ ջոկատայինների հսկողությամբ մասնակցել իր մոր թաղմանը, ով կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 17-ին` 61 տարեկան հասակում:
Ախալայան, ով 2005-2008 թվականներին Վրաստանի պատիժների իրականացման համակարգն էր ղեկավարում, իսկ այնուհետև երկրի պաշտպանության նախարարն էր, 2012 թվականին նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Այն բանից հետո, երբ բանտարկյալների վերաբերյալ տարածվեցին հայտնի սկանդալային տեսանյութերը, մինչեւ 2012-ի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները Ախալայան իր դիմումի համաձայն լքեց պաշտոնը: Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն Ախալայան հեռանում է Վրաստանից խորհրդարանական ընտրություններից հետո:
Մեկ ամիս անց` նոյեմբերի 5-ին, արդեն նախկին նախարարը հայտարարում է, որ պատրաստվում է վերադառնալ Վրաստան, անձամբ պատասխանելու իր դեմ հարուցված բոլոր` իր խոսքերով «աբսուրդ» և «հիմար» մեղադրանքներին: Արդեն 2014 թվականին, Բաչո Ախալայային նոր մեղադրանք է առաջադրվում՝բանտարկյալների նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու` Վրաստանի ՔՕ 144 (1) հոդվածի առաջին մասով: Գործը հայտնի դարձավ «Նավթլուղի հատուկ գործողություն» անվանումով: Միևնույն թվականի հոկտեմբերի 22-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Բաչո Ախալայային մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներից երկուսով, անմեղ ճանաչում երրորդ` Վրաստանի ՔՕ 333-րդ հոդվածի հատկանիշներով առաջադրված մեղադրանքի մասով:
Հետաքննության համաձայն՝ պատիժների իրականացման թիվ 1 հիմնարկի բանտարկյալ Գիա Գորգաձեն, հիմնարկի տնօրենին տեղեկացրել է, որ բանտարկյալներից մեկից բանտից փախչելու առաջարկ է ստացել և բանտի աշխատակազմի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Հետաքննությունն իրականացնող մարմնի կողմից դատարանին է ներկայացվել տեղի ունեցածի հետեւյալ նկարագրությունը.
«Հարցի հետ կապված, Բաչո Ախալայան բանտում հանդիպել է Գորգաձեին եւ համաձայնության եկել, որ բանտից փախչելու ծրագիրը կանխելու համար, օգնելու էր Գորգաձեի եղբայրը՝ Շոթա Գորգաձեն: Բաչո Ախալայայի հանձնարարությամբ՝ Գորգաձեն բանտից զանգահարել է եղբորը, ով ընկերների՝ Ռոման Սուրմանիձեի ու Մարադ Արթմելաձեի հետ մեկտեղ գտնվել են Ծալկայում: Եղբոր խնդրանքով, Շոթա Գիորգաձեն իր ընկերների հետ եկել է Թբիլիսի: 2006 թվականի հունվարի 12-ին, Սահմանադրական անվտանգության վարչության ղեկավար Դաթո Ախալայայի (Բաչո Ախալայայի եղբայրը) ղեկավարությամբ հատուկ գործողություն է իրականացվել, որի ժամանակ, Թբիլիսիի «Նավթլուղի» ավտոկայանում սպանվել է Գիա Գորգաձեի եղբայրը՝ 1988 թվականին ծնված Շոթա Գորգաձեն և իր երկու ընկերները՝ 1985 թվականին ծնված Ռոման Սուրմանիձեն և 1983 թվականին ծնված Մարադ Արթմելիձեն, ովքեր` իբր թե պատրաստվել են զինված հարձակում իրականացնել թիվ 1 քրեակատարողական հիմնարկի վրա՝ բանտից զանգվածային փախուստ կազմակերպելու նպատակով:
Այնուհետև Բաչո Ախալայան և ՍՈւՎ-ի աշխատակիցները բանտի բակ են դուրս բերել Գորգաձեին և ևս մի քանի բանտարկյալի հետ ծեծի ենթարկել, ստիպելով խոստովանել, թե իրենք նպատակ են ունեցել փախչել բանտից: Ծեծից հետո, Բաչո Ախալայայի հրամանով, նրանց ստիպել են հանել շորերը և նստել մեքենա: Բանտարկյալներին ավտոմեքենայով քրեակատարողական հիմնարկից դուրս են բերել եւ մերկ վիճակում շարունակել են ծեծել: Ավելի ուշ, Ախալայայի հրամանով, առանց որևէ իրավական հիմքի, բանտարկյալներին տեղափոխել են ավելի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկ: Նրանց այնտեղ շարունակել են ծեծել եւ առանց բուժօգնություն ապահովելու փակել են խցերում»:
Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, Բաչո Ախալայան դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: Միխեիլ Սաակաշվիլին և ներկայում ընդդիմություն հանդիսացող Միացյալ ազգային շարժման այլ անդամները Բաչո Ախալայային համարում են քաղբանտարկյալ: Քաղբանտարկյալ են համարում նաև Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, և նախկինում իշխանությունում եղած մի շարք այլ անձանց, ովքեր 2012 թվականի իշխանափոխությունից հետո ձերբակալվել և դատապարտվել են:
2012 թվականի նոյեմբերի 7-ին, խորհրդարանում տեղի ունեցած դեբատների ժամանակ, «Միացյալ ազգային շարժում»-ը դատապարտեց ձերբակալությունները և նոր իշխանությունների գործողություններին տվեց «քաղաքական ռեպրեսիաների հաղթարշավ» գնահատականը: «Այն, ինչ տեղի է ունեցել, առաջին, ամենալուրջ քննությունն է նոր իշխանությունների համար: Մասնավորապես որքանով կարող է այս իշխանությունը մնալ օրենքի, արդարադատության և արդարության տարածքում, չի դիմի քաղաքական հաշվեհարդարի և անձնական վրեժխնդրության»,- հայտարարել էր Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն:
Շարունակելի