«Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին՝ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելը համարում է քաղաքական հետապնդում: Ուդումաշվիլիի խոսքով, նման ճանապարհով Ուկրաինայի իշխանությունները փորձում են կասեցնել Ուկրաինայում Սահակաշվիլիի քաղաքական գործունեությունը, «քանի որ վերջինիս կուսակցության վարկանիշն օր-օրի աճում է»:
«Գործ ունենք քաղաքական հետապնդման հետ: Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայում ընդդիմության առաջնորդն է, նրա կուսակցության վարկանիշն օր-օրի աճում է, հետևաբար, այս ամենը տրամաբանական պատասխան ունի՝ նրանք փորձում են կասեցնել Ուկրաինայում Սահակաշվիլիի քաղաքական գործունեությունը»,- հայտարարել է «Ռուսթավի 2»-ի նախկին հաղորդավարը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Սահակաշվիլիին զրկել քաղաքացիությունից՝ հիմնվելով Ուկրաինայի քաղաքացիության մասին օրենքի 9-րդ կետի վրա։