Հունիսի 4-ին կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո սպանված դպրոցականի հայրը՝ Զազա Սարալիձեն, հայտարարել է, որ վերջնագիր է ներկայացնում մինչև հունիսի 10-ը։
«Եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, պահանջը կմնա անփոփոխ»,-ասել է Սարալիձեն, ով օրեր շարունակ բազմաթիվ աջակիցների հետ բողոքի ակցիա է անցկացնում։
Հիշեցնենք՝ հունիսի 4-ին Զազա Սարալիձեն կառավարությունում հանդիպել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիայի հետ:
«Բոլորը պետք է ձերբակալվեն, ով սպանել է, ով փորձում է պաշտպանել հանցագործներին։ Քննիչներն ու դատախազները նույնպես, բոլոր նրանք, ովքեր մեղավոր են»,-հանդիպումից հետո ասել է նա:
Զազա Սարալիձեի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ հանդիպումը խաղաղ է անցել, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հարցին լուծում տալ: Նրա խոսքով, այսօր սպասում են, որպեսզի ձերբակալվեն բոլոր մեղավորները։
Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը Խորավա փողոցում տեղի ունեցած 2 անչափահասի սպանության մեջ մեղադրվող անչափահասների վերաբերյալ աղմկահարույց որոշում կայացրեց․ անչափահասը սպանվել է, սակայն սպանողը չկա։