Թբիլիսիիում օրեր առաջ տեղի ունեցավ մեծ աշուղ Սայաթ-Նովայի ժառանգությանը նվիրված եռօրյա փառատոն: Սբ. Գևորգ եկեղեցու բակում՝ հայտնի աշուղի գերեզմանի մոտ, մեկ հարթակում հանդես եկան հայ և վրացի երաժիշտները՝ ներկայացնելով Սայաթ-Նովայի վրացերեն ու հայերեն ստեղծագործությունները։
Միջոցառման նախաձեռնող, փառատոնի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը «Ալիք»-ի հետ զրույցում խոսեց փառատոնի խորհրդի մասին.
«Փառատոնի նպատակն է տոնել և տարածել Սայաթ-Նովայի թողած երաժշտական ժառանգությունն ու աշուղական մշակույթը ողջ աշխարհում: Այս տարի փառատոնի մի մասը կանցկացվի Վրաստանում, մյուսը՝ Հայաստանում:
Մեծ քնարերգուի ծննդյան 305-ամյակի կապակցությամբ «Music of Armenia» կազմակերպության նախաձեռնությամբ հատուկ երգչախումբ էր ստեղծվել՝ բաղկացած հայ և վրացի կատարողներից.
«Մեծ սիրով անցավ այս միջոցառումը, այդպես էլ պիտի լիներ: Հուսով եմ՝ այն նույն եռանդով կշարունակվի նաև Հայաստանում: Վստահ եմ՝ Սայաթ-Նովայի անմահ գործերը դեռ կերգվեն մեր երեխաների և թոռների կողմից»,-նշեց վրացական «Քսովրեբի» անսամբլի ղեկավար Էլդար Շոշիտաշվիլին:
Արդեն ավանդույթ դարձած «Սայաթ-Նովա» երգի փառատոնը Վրաստանից հետո երկու օր շարունակվել է նաև Հայաստանում: