Սահմանադրական փոփոխությունների քննարկման առթիվ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 10-ին նախագահի նստավայրում հանդիպելու է խորհրդարանի ղեկավարին եւ սահմանադրական հանձնաժողովի անդամներին։ Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին: Նրա խոսքով, նախագահը հանրությանը եւ հանձնաժողովի անդամներին կներկայացնի սահմանադրության ժողովրդական քննարկման հետ կապված աշխատակազմի կարծիքը:
«Մենք կներկայացնենք մեր տեսակետը, թե ինչպես պիտի հանրությունն ընդգրկված լինի սահմանադրությունը գրելու գործընթացում: Մենք գտնում ենք, որ սահմանադրությունը պիտի գրվի ոչ թե առանձին անձանց կողմից որոշակի ուղղություններով, այլ ժողովրդի կողմից: Հենց սրա շնորհանդեսը կանցկացնենք մարտի 10-ին»,- ասել է Աբաշիշվիլին:
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունն ընտրություններից անմիջապես հետո սկսել էր խոսել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ի պատասխան, Մարգվելաշվիլին առաջարկել էր 3 բարձրաստիճան պաշտնոնյաների նախագահությամբ սահմանադրական հանձնաժողով ստեղծել և լայն քննարկումների ճանապարհով գալ համաձայնության:
Իշխող թիմն արձագանքել էր նախագահի առաջարկին՝ հանձնաժողովի ղեկավար հայտարարելով Իրակլի Կոբախիձեին: Ի պատասխան, նախագահը խոստացավ սկսել համաժողովրդական քննարկումներ, որոնց հիման վրա իր աշխատակազմը կնախապատրաստի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 2016թ դեկտեմբերի 15-ին Վրաստանի խորհրդարանը 96 կողմ, 0 դեմ ձայնով հաստատել է Սահմանադրական պետական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ բանաձևը: