«Սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տարբերակը մոտ ապագայում պատրաստ կլինի»,֊ Վրաստանի խորհրդարանի խոսնակ, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կոբախիձեն այս մասին հայտնել է մարտի 29֊ին անցկացված «Սահմանադրական բարեփոխում Վրաստանում» միջազգային կոնֆերանսի ընթացքում:
«Մենք ամիսներ շարունակ ակտիվորեն աշխատում ենք սահմանադրական փոփոխության իրականացման վրա եւ շատ կարեւոր է, որ այս գործընթացն ավարտվի ակնկալվող արդյունքով: Կարեւոր է հենց գործընթացը, որի հիման վրա պատրաստվում են սահմանադրական փոփոխությունները, հետո արդեն այս փոփոխությունների բովանդակությունը: Երբ ստեղծվեց պետական սահմանադրական հանձնաժողովը, խորհրդարանը դրա երկու նպատակները հրապարակեց: Առաջինը սահմանադրությունը համապատասխանեցնելն էր սահմանադրական իրավունքի հիմնական սկզբունքներին: Երկրորդ նպատակն է երկրի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացումների համար շատ կայուն սահմանադրական հիմք ունենալ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի խոսնակի խոսքով, մշակման գործընթացում գտնվող փաստաթղթերի որակից ելնելով, կարելի է ասել, որ սահմանադրական հանձնաժողովը կբավարարի խորհրդարանի ակնկալիքները։