Վրաստանի Սահմանադրական դատարանը մարիխուանայի ապաքրեականացմանը վերաբերող բողոքը բավարարել է: Այս մասին տեղեկացնում է On.ge-ի լրագրողը՝ դատարանի դահլիճից:
Սահմանադրական դատարան մարիխուանայի ապաքրեականացման վերաբերյալ հայցը ներկայացրել էր քաղաքացի Գիվի Շանիձեն՝«Գիրչի» կուսակցության օգնությամբ:
Որոշման համաձայն՝ մարիխուանայի օգտագործման համար քաղաքացիները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության:
Դատարանի որոշման մեջ գրված է․
«Վրաստանի Սահմանադրական դատարանը բացատրել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել հանգստի իր համար ցանկալի տարբերակ՝ այդ թվում մարիխուանա օգտագործելը: Սակայն, քանի որ մարիխուանայի օգտագործումը կարող է որոշակի վնաս պատճառել մարդու առողջությանը, դատարանը նշված իրավունքի սահմանափակումը թույլատրելի է համարել այնպիսի լեգիտիմ պատճառներից ելնելով, ինչպիսին է օրինակ հասարակության անվտանգության ապահովումը, այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանումը և այլն:
Ըստ դատարանի՝ պատասխանող կողմը (Վրաստանի խորհրդարանը) չի կարողացել ներկայացնել հավաստի գիտական հետազոտություն կամ կյանքի փորձի վրա հիմնված ապացույցներ, որի հիման վրա դատարանը կորոշեր, որ մարիխուանայի ազդեցության տակ գտնվող անձը հանցագործություն կատարելու կամ հանրային կարգը խախտելու վտանգ է ներկայացնում»: