Սահակաշվիլին գիտի՝ ինչպես պայքարել «Իվանիշվիլիի կլանային իշխանության դեմ»

 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 4-ին հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում»  կուսակցությունը նոր ղեկավարի ու քաղխորհրդի կարիք ունի:

Սահակաշվիլիի խոսքերով, կուսակցությունը պետք է կազմվի այնպիսի մարդկանցից, ովքեր  չեն հանդիսանում  խորհրդարանական ընտրությունների սխալ արշավի պատասխանատուները։  Ըստ նախկին նախագահի, պետք է լինեն մարդիկ, ովքեր կկարողանան հաղթահարել նոր մարտահրավերները:

«Ես միանգամայն կողմ եմ ներկուսակցական ժողովրդավարությանը և կոչ եմ անում խնդիրները քննարկել ոչ թե քաղխորհրդի փակ դռների ետևում, այլեւ ընդլայնված թիմով: Մենք պետք է կարողանանք հասկանալ ու վերլուծել մեր սխալները․ինչու չկարողացանք կանխել զանգվածային ընտրակեղծիքները։ Անհրաժեշտ է  նաև նոր մարդկանց ընդգրկել թիմում, ինչն ավելի արդյունավետ կդարձնի Իվանիշվիլիի կլանային իշխանության դեմ պայքարը»,- Օդեսայից նման կոչ է արել Սահակաշվիլին:

Նոր ղեկավար ընտրելու առաջարկությանը կողմ է արտահայտվել նաև անազատության մեջ գտնվող կուսակցության ազդեցիկ  դեմքերից Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան. «Թող սա ոչ մեկի կողմից չընկալվի որպես դավաճանություն, ընդհակառակը՝ ընդհանուր գործում նույն կետից առաջ չանցնելն է դավաճանություն։  Ուստի պետք է ազատ և մրցակցային պայմաններում ընտրել նոր առաջնորդի»։

«Interpressnews»-ը տեղեկացնում է, որ իր նամակում Ուգուլավան նշել է նաև, որ ծանոթ չէ հարցի շուրջ Սահակաշվիլիի տեսակետին, բայց վստահ է, որ նա իր հետ  համակարծիք կլինի:

Թողնել պատասխան