«Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ իմ հողի վրա կլինեմ, ձեզ մոտ և երբ միասին կշարունակենք մեծ վերածնունդը»:
Այսպես է դիմել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` Կախեթիի բնակչությանը: Տեսաուղերձը Սահակաշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Նրա խոսքով` Կախեթին հարուստ ներուժ ունեցող տարածաշրջան է և «կարիք» խոսքը բնակչության համար ընդմիշտ պիտի մնա անցյալում: «Սիրելի կախեթցիներ, իմ հարևաններ, Կախեթին Վրաստանի հիմնասյուներից մեկն է, Վրաստանի շատ կարևոր հսկայական ներուժ ունեցող տարածք` իր յուրահատուկ բնակչությամբ: Մենք Կախեթին զբոսաշրջության կենտրոն ենք դարձրել, նոր վայրեր ենք կառուցել, և այս ամենը ձեր օգնությամբ, ձեր մասնակցությամբ, այլ կերպ սա չէինք իրականացնի: Մեզ համար մեծ հարված էր Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցները, այդ ժամանակ էլ որոշեցինք Կախեթին այնպիսի տարածքի վերածել, ուր կհրավիրեինք աշխարհի նախագահներին, վարչապետներին, հեռարձակողներին այս տարածքը գովազդելու համար, որպեսզի բոլորը տեսնեին մեր գինին, մեր գեղատեսիլ վայրերը, և կարծում եմ ձեզ հետ միասին արեցինք այս ամենը: Այսօր վրացական գինին արտահանվում է ամբողջ աշխարհում».- հայտարարել է նախկին նախագահը:
«Սիղնաղի ավելի պակաս զբոսաշրջիկ է այցելում Վրաստանում զբոսաշրջիկների աճող քանակի ֆոնին: Սա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արվել: Մարդիկ այլ խնդիրներ էլ ունեն, սոցիալական պահանջներ, խնդիրներ ջրի, մթերքի հետ կապված: Պիտի այնքան եկամուտ ունենաք, որ ձեզանից ոչ մեկ խնդիրներ չունենա»,- նշել է Սահակաշվիլին տեսաուղերձի ժամանակ: