Շարունակվում է նախընտրական պայքարը: Քաղաքական ուժերը միջոցներ չեն խնայում` այդ պայքարում հարմար տեղ գրավելու համար: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից ստեղծված` «Վաշաձե-Ջափարիձե- Նոր ընտրություն» քաղաքական խմբակցությունը նպատակ ունի միանալ օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեի կուսակցությանը: Սահակաշվիլիի երբեմնի համախոհները կարծում են, որ հենց Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» քաղաքական շարժումն ունի բոլոր ռեսուրսները` արևմտամետ ուժերի միավորման համար: «Հասարակությունը վստահում է Բուրճուլաձեին, մենք գիտենք նա ինչ համբավ ունի երկրի ներսում և դրանից դուրս, Նա կարող է իր շուրջ հավաքել Վրաստանի արևմտամետ ուժերին և ուժեղ կետրոն հիմնել, որը երկիրը կհանի ճգնաժամից»,-ասել է Գեորգի Վաշաձեն:
Բուրճուլաձեի կուսակցությունից արդեն արձագանքել են՝ ասելով, որ պատրաստ են համագործակցության: Հիշեցնենք` «Վաշաձե-Ջափարիձե նոր ընտրություն» խմբակցության մեջ մտել է 3 ընդդիմադիր կուսակցություն` «Նոր քաղաքական կենտրոն Գիրչի», որի առաջնորդը Խորհրդարանի պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն է, «Քաղաքական հարթակ-նոր Վրաստան» կուսակցությունը, որը ստեղծել է պատգամավոր Գեորգի Վաշաձեն և ոչ խորհրդարանական ընդդիմադիր` «Նոր աջեր» կուսակցությունը` Մամուկա Կացիտաձեի ղեկավարությամբ:
Խմբակցություն կազմելու մասին հայտնի դարձավ 2 շաբաթ առաջ, երբ Վաշաձեն հայտարարեց, որ Վրաստանում լիդերամոլությանը վերջ պետք է դնել և եկել է թիմային պայքարի ժամանակը: Բուճուլաձեի կուսակցությունը, որն ավելի վաղ էր ստեղծվել, ըստ նախնական հարցումների` երրորդ տեղում է՝ իշխող «Վրացական երազանք»-ից և ամենամեծ ընդդիմադիր ուժի` «Միացյալ ազգային շարժումից» հետո, իսկ Բուրճուլաձեն Վրաստանի քաղաքական և հասարակական լիդերների համակրանքի վարկանիշում առաջատար է: Դեռևս 2013-ին շրջանառվում էր նրա նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը, այդ ժամանակ քվեարկությունից մի քանի ամիս առաջ երգիչը հայտարարել էր, թե դրա անհրաժեշտություն չի տեսնում: