
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կդիմի կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու նպատակով: Զուրաբիշվիլին ԿԸՀ-ին համապատասխան դիմումը կներկայացնի այսօր ժամը 15:00-ին։ Այս մասին հաղորդում է interpressnews-ը:
Խորհրդարանի անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններում նույնպես կմասնակցի անկախ թեկնածուի կարգավիճակով: Նա թեկնածությունը սեփական բնակելի տան բակում մի քանի օր առաջ ներկայացրեց: Թեև ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, թե Զուրաբիշվիլիին նախագահական ընտրություններում աջակցելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն նախորդ շաբաթ անցկացված հանդիպումից հետո իշխող կուսակցությունը չի հստակեցրել, թե որ թեկնածուին է աջակցելու: Առկա տեղեկատվության համաձայն՝ «Վրացական երազանքի» մի մասը Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությանը դրական է տրամադրված: