«Ուկրաինայից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը տեղի չի ունենա այնքան ժամանակ, մինչև Վրաստանի դատարանը որոշում չկայացնի»,-այս մասին ուկրաինական «112» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ընդգծել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Դենիս Չերնիշևը: Նրա խոսքերով՝ Սաակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու իրավական հիմք այս պահին չկա, քանի դեռ վրացական դատարանը նրա հանդեպ որոշում չի կայացրել:
«Ուկրաինայում ոչինչ տեղի չի ունեցել, բացի նրանից, որ Սաակաշվիլին հատել է սահմանը: Մեզ և գլխավոր դատախազությանը ներկայացված փաստաթղթերը վկայում են, որ քաղաքական գործչի նկատմամբ քրեական գործ է հարուցված: Այս փուլում չի քննարկվում նրա արտահանձնման հարցն ու արդարադատության նախարարությունն այս գործընթացներում առայժմ չի մասնակցում»,-ասել է Չերնիշևը՝ հավելելով, որ Սաակաշվիլին իրավունք ունի բողոքարկել քաղաքացիությունից զրկելու նախագահի որոշումը։