
Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները կպաշտպանի պետության կողմից տրամադրված փաստաբան Սոփիո Գոգլիչիձեն:
Փաստաբանն այսօրվա դատական նիստին առաջին անգամ է ներկայացել: Գոգլիչիձեն Սաակաշվիլիի շահերը կպաշտպանի Գիրգվլիանիի գործով:
Հիշեցնենք՝ Սաակաշվիլիին մեղադրանք է ներկայացվել բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով։ Ծեծի ենթարկված ու կոկորդից դանակահարված Գիրգվլիանիի մարմինը հայտնաբերվել էր 2006 թվականի հունվարին՝ Թբիլիսիի մոտակայքում: Ըստ որոշ ականատեսների՝ նախորդ գիշերը Թբիլիսիի բարերից մեկում վիճաբանություն էր տեղի ունեցել նրա եւ ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Սա Սաակաշվիլիի կառավարման տարիների առաջին աղմկահարույց սպանությունն էր, որը վեր հանեց համակարգային խնդիրներ։
Փաստաբան Գոգլիչիձեն գործի նյութերի եւ վերջնական խոսքը նախապատրաստելու համար 1 ամիս ժամանակ է պահանջել:
Դատավորը հաշվի է առել մեղադրվող կողմի հայտարարությունը եւ հաջորդ նիստը նշանակել դեկտեմբերի 22-ին, որտեղ Սաակաշվիլիի նոր փաստաբանը վերջնական խոսք կներկայացնի:
Ինչպես հայտնի է, Միխեիլ Սաակաշվիլին նշված գործով փաստաբանից հրաժարվել է: