Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհների և ուժայինների միջև տեղի ունեցած առճակատման հետևանքով 13 ոստիկան է վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորիան Շկիրյակը:
«Մի քանի ոստիկանների քթերը կոտրված են: Ձերբակալված է 9 օրինախախտ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շկիրյակը՝ տեղեկացնելով, որ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլ» են օգտագործել՝ փորձելով անվադողեր այրել:
Նշենք, որ առավոտյան խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում ուժայինների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել: Ուկրաինայի ոստիկանությունից հայտարարել են, թե ցուցարարները ագրեսիվ են տրամադրված եղել, պահանջել են խորհրդարանի խոսնակի հետ հանդիպում, այնուհետև փորձ են արել խորհրդարան մուտք գործել:
Առկա տեղեկատվությամբ, առճակատումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները անվադողեր են վառել: