Ռուսթավիում  հարձակվել  են  «Միացյալ ազգային շարժում»  կուսակցության ակտիվիստի  վրա

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Ռուսաթավիում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստի վրա հարձակման փաստի առիթով քրեական գործ է հարուցել` Վրաստանի քրեական օրենսգրքի 125 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է «newsgeorgia» լրատվականը` հղում անելով ՆԳՆ-ի  մամուլի  ծառայությանը:

Հարձակման ենթարկված Արսեն Կասաշվիլիին բժշկական օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս ցուցմունք է տվել ոստիկանությանը: Կասաշվիլին լրագրողներին ասել  է, որ անցած երեկո ժամը 23:00-ի սահմաններում տուն վերադառնալիս իր վրա են հարձակվել և ծեծի ենթարկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության երկու կողմնակիցներ: Կասաշվիլին հայտարարում է, որ ճանաչել է հարձակվողներից մեկին, նա  «Վրացական երազանքը»  ներկայացնող մեծամասնական պատգամավոր Գիորգի Բեգաձեի  մոտ ազգականն է:

«Ասացին, որ թողնեմ «Ազգային շարժումը»` սպառնալով, որ հակառակ դեպքում ավելի վատ կլինի», – ասել է Կասաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում:

Ինքը` Բեգաձեն հերքում է միջադեպին իր մասնակցությունը: «Այդ ամենը զրպարտություն է: Շատ վատ է, որ ընդդիմախոսներս փորձում են վարկաբեկել ինձ նման մեթոդներով: Բոլորը գիտեն, որ ես դեմ եմ բռնությանը», – այսպես է իրավիճակը մեկնաբանել Բեգաձեն` Իմեդի հեռուստաընկերության հետ զրույցում:

 

 

Թողնել պատասխան