Ռուսաստանի ավելի քան 60 քաղաքներում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում 1018 մարդ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է interpressnews-ը՝ հղվելով ռուսական овд инфо լրատվականին:
Ցուցարարները բողոքում են կենսաթոշակային տարիքային շեմը բարձրացնելու իշխանությունների մտադրության դեմ: Մի քանի քաղաքներում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել: Լրատվականի տեղեկատվությամբ, որոշ դեպքերում իրավապահները ուժ են կիրառել:
Բողոքի ակցիաների կազմակերպիչը ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին է, որն այժմ գտնվում է անազատության մեջ: Նշվում է, որ հանրահավաքները հիմնականում համաձայնեցված չեն եղել տեղական իշխանությունների հետ:
Հատկանշական է, որ բողոքի ակցիաներն ընթանում են Մոսկվայի քաղաքապետի և շրջանային ընտրություններին զուգահեռ:
Տեղեկացնենք, որ Ռուսաստանի կառավարությունը որոշել է բարձրացնել կենսաթոշակային տարիքային շեմը տղամարդկանց համար 5 տարով՝ հասցնելով 65-ի, կանաց համար՝ 8 տարով՝ հասցնելով 63-ի։