«Միացյալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն այն կարծիքին է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, իսկ ԵՄ հետ վիզայի ազատականացում մոտ ապագայում չի ստանա:
Բուրջանաձեն գտնում է, որ այդ պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունները Վրաստանի համար պետք է առաջնահերթություն դառնան, «Ոչ ոք կոչ չի անում հրաժարվել Եվրամիությանն անդամակցելուց, սակայն կոչ ենք անում բնակչությանը ճշմարտությունն ասել, որ Վրաստանը ազատ մուտքի իրավունք չի ստանա, ավելին` ԵՄ անդամ չի լինի»:
Սրա հետ մեկտեղ կուսակցության առաջնորդը, ով պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը գալիք խորհրդարանական ընտրություններին, առաջարկում է փոխել Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեզ համար Ռուսաստանի հետ հաաբերությունները պետք է առաջնահերթություն լինեն, քանի որ ռուսական կողմից քաղաքական և տնտեսական հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կազդի մեր բնակչության վրա»,- ասել է Բուրջանաձեն:
Վրաստանի իշխանությունները հույս ունեին, որ ԵՄ-ը վիզային ռեժիմը կչեղարկի ամռանը, սակայն հարցի քննարկումը հեաձգվեց` Գերմանիայում և Ֆրանսիայում ներգաղթի քաղաքականության պատճառով: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի Վարշավյան վեհաժողովին, որը ծրագրված է հուլիսի 8-9-ը, Վրաստանի իշխանությունները ֆորումից երկրի պաշտպանունակության բարձրացման լուրջ սպասելիքներ ունեն և նախատեսում են կենտրոնանալ ՆԱՏՕ-Վրաստան երկկողմ համագործակցության վրա, իսկ Վրաստանի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցը չի քննարկվելու: