Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունելի է համարել անտառների հրդեհների մարման աշխատանքներին մասնակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա բարդ հարաբերությունները։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնություն են առաջարկել և որոնք աջակցում են Վրաստանին կրակը մարելու գործում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հատկապես այն երկրներին, որոնցից օգնություն ենք ստանում: Առաջին իսկ օրվանից մեր կողքին են Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանն ու Բելառուսը: Օգնության առաջարկություններ ենք ստացել նաև այլ երկրներից, երեկ ԱՄՆ-ն օգնության պատրաստակամություն է հայտնել, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը նաև Հունաստանն ու Ուկրաինան»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ իրենց աջակցության մասին հայտնել են նաև Բուլղարիան և Իրանը։
Վարչապետը հատուկ անդրադարձել է նաև Ռուսաստանի արձագանքին։
«Ցանկանում եմ առանձին անդրադառնալ Ռուսաստանի հարցին, քանի որ այս օրերի ընթացքում ակտիվ քննարկման թեմա էր: Ռուսաստանն օգնության պատրաստակամություն է հայտնել: Կարծում եմ՝ այս առաջարկը ողջունելի է: Մենք պատասխանատվության մեծ զգացում ունենք մեր բնակչության և երկրի նկատմամբ: Եվ հենց այս պատասխանատվությունից ելնելով, այս պայմաններում, երբ մենք շատ բարդ հարաբերություներ ունենք Ռուսաստանի հետ, նման առաջարկությունը կարծում եմ ողջունելի է: Շարունակում ենք ակտիվ աշխատանքները: Իրավիճակը վերահսկվում է և օրվա ընթացքում կտեղեկացնենք իրավիճակի մասին»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: