
«Այսօր ռուսական բանակի կողմից բռնազավթված է Աբխազիան և Հարավային Օսիան, ինչը Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի 20 տոկոսն է: Չմոռանանք, որ տասը տարի առաջ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և ոչ թե հակառակը: Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Վրաստանը՝ զոհ», — այս մասին հայտարարել է „Heritage Foundation”-ի հետազոտող Լյուկ Քոֆին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, Լյուկ Քոֆին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում՝ «Ռուսաստանի կողմից Վրաստանի գրավումը և միջազգային կարգի խախտումը» թեմայով «Եվրոպական անվտանգության և համագործակցության հանձնաժողովի» (Հելսինկյան հանձնաժողով) շրջանակներում կազմակերպված միջոցառմանը։
Լյուկ Քոֆին իր ելույթում խոսել է Վրաստանի տարածքների բռնազավթման և միջազգային նորմերի խախտման, ինչպես նաև Վրաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ կապերի մասին՝ նշելով, որ Վրաստանը ԱՄՆ-ի հավատարիմ գործընկերն է: Նա նաև ընդգծել է Վրաստանի ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին և առաքելություններին:
Ըստ փորձագետի՝ Վրաստանն անցել է ժողովրդավարության կառուցման հաջող ճանապարհով և այդ առումով տարածաշրջանում օրինակելի է, իսկ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելը հետաքրքրություն է ներկայացնում նաև ԱՄՆ շահերի տեսանկյունից: