Հայաստանից Ջավախք ուղևորվող մեքենաները մնացել են ճանապարհին: Այս պահին ավելի քան 20 մեքենա ապաստանել է Շիրակի մարզի Թորոսգյուղի ճանապարհի իջևանատանը, որտեղից մինչև հայ-վրացական սահման 30 կմ է մնում, հայտնում է hetq.am պարբերականը:
Ուսանող ուղևորներից Անահիտը, ով նույնպես Թորոսգյուղում է, մեզ պատմեց, որ ուժեղ բքի պատճառով մեքենաները չեն կարողանում առաջ գնալ: Որքան էլ մաքրող տեխնիկան փորձել է բացել ճանապարհը, առատ ձյան և քամու պատճառով այն րոպեներ անց կրկին փակվել է: Այն վարորդները, ոորնք փորձել են առաջ շարժվել, արգելափակվել են կամ նորից հետ վերադարձել:
Կորխ և Գանձա գյուղեր հանգուցյալներ տեղափոխելու ջանքերը ևս ապարդյուն են անցել: Մեկն արգելափակվել է ճանապարհին, մյուսը` հետ վերադարձել:
Զավախք մեկնող ուղևորներից մեկը հղի է, ով առաջիկա շաբաթները պետք է ծննդաբերի: Այժմ նա ևս Թորոսգյուղի իջևանատանն է: Ուղևորները գիշերը մնալու են այդտեղ, իսկ առավոտյան, եթե բուքը դադարի և ճանապարհները բացվեն, կշարունակեն իրենց ուղին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացրել է, որ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածը։
Վրաստանի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է ճանապարհը նաև Վրաստանի տարածքում: Մասնավորապես` երթևեկությունն արգելված է Նինոծմինդա-Ախալցխա ճանապարհի 90-112 կմ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: