Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը: Այս մասին կառավարության հուլիսի 12-ի նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նրա խոսքերով, երկրի առաջնահերթ գործառույթներում է արտաքին քաղաքականությունը.
«Երկրի արտաքին քաղաքականությունը միշտ էլ կարևորվել է և այս նշանակումով, մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք, որ երկրի ապագայի կառուցման համար արտաքին քաղաքականությունը շատ կարևոր մաս է կազմում: Հաջողված քայլեր է կատարել Միխեիլ Ջանելիձեն: Վիզայի ազատականացման գործընթացի բարեհաջող ավարտին հասցնելը մեր երկրի համար շատ կարևոր էր, ինչի համար, մեծ հաշվով, պետք է շնորհակալ լինենք հենց արտաքին գործերի նախարարությանը»:
Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը թափուր դարձավ, երբ էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց «Վրացական երազանքի» կողմից: Այժմ առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին: Փոխվարչապետի պաշտոն է զբաղեցնում նաև կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան: