
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Ռուսաստանն անհանգստանալու որևէ պատճառ չունի: Նրա խոսքերով՝ Վրաստանի որևէ գործողություն ուղղված չէ որևէ պետության դեմ, հետևաբար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Աբխազիա միջազգային նորմերի կոպիտ խախտում է:
«Ես անհանգստության առիթ չեմ տեսնում: Մեր գործողություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ: Ամենասկզբից ևեթ ես հայտարարել եմ, որ մեր գործողությունները միտված են պաշտպանողական հնարավորությունների զարգացմանը: Այդ իսկ պատճառով, բոլոր գործողությունները, այդ թվում բարձր պաշտոնյաների այսպես կոչված այցերը մեր տարածք, այս դեպքում բռնազավթված տարածք, միջազգային նորմերի կոպիտ խախտում է, ինչը դատապարտվում է ոչ միայն մեր, այլև ողջ միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է Իզորիան:
Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: