«Պուտինը Վրաստանի թշնամին չէ»,-հայտարարել է «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:
Բուրջանաձեն Պուտինին համարում է «մեծ քաղաքագետ»: Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը պետք է այնպես վարվի, որպեսզի Պուտինը ստիպված չլինի վատ վերաբերմունք դրսևորել Վրաստանի հանդեպ: «Քաղաքական գործիչները ոչ որեւէ մեկի թշնամին են, ոչ էլ ընկերները: Պուտինը քաղաքական մեծ գործիչ է: Բոլոր քաղաքական գործիչները վարվում են այնպես, ինչպես թելադրում են սեփական երկրի հետաքրքրությունները: Մեր նպատակը թշնամուն ընկեր դարձնելն է»,- ասել է Բուրջանաձեն:
«Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավարը Ռուսաստանը օկուպանտ երկիր չի համարում, գտնում է, որ «օկուպանտ» բառը այս դեպքում կիրառելի չէ: «Միակ երկիրն ենք, որ խոսում ենք ռուսական զորքերը հեռացնելու մասին. մյուսները ռուսական զորքերն իրենց երկիր ներս թողելու մասին են մտածում»,-ասել է Բուրջանաձեն:
Հիշեցնենք` «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության նախընտրական տեսահոլովակում ասվում է՝ «Իմ ողջ գիտելիքները, պրոֆեսիոնալիզմը, կապերն ու փորձը կօգտագործեմ նրա համար, որ մեր երկիրը հաջողակ լինի: Ես գիտեմ, թե ինչպես երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը ճիշտ վարել: Սա կզարգացնի տնտեսությունն ու կբարելավվի ձեր ընտանիքների իրավիճակը: Ինձ եւ իմ խմբին միայն ձեր աջակցությունն է հարկավոր»:
Օգոստոսի 30-ին Բուրջանաձեն հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունը ակտիվ նախընտրական քարոզարշավ է սկսում: Այն մեկնարկել է Թբիլիսիի մեծամասնական թեկնածուներին ներկայացնելու արարողությամբ: «2012 թվականին մենք հրաժարվեցինք ընտրություններին մասնակցել, քանի որ ռեժիմը փոխելու նպատակով աջակցեինք Վրացական երազանքին: Մեզանից յուրաքանչյուրի համար առաջնահերթ է ոչ թե որևէ կուսակցության, այլ ժողովրդի հետաքրքրությունը: Մենք Վրացական երազանքի հետ մեծ հույսեր էինք կապել, սակայն դրանց մեծ մասը այդպես էլ մինչ օրս երազանք մնացին»,-ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը:
Բուրջանաձեն վստահեցրել է, որ իր գլխավորած կուսակցությունը գիտի, թե ինչպես պետք է զարգացնել երկիրն ու վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: «Մենք ստահոդ խոստումներ չենք տալիս, իսկ ինչ խոստանում ենք, անպայման իրականացնում ենք»,- ասել է Նինո Բուրջանաձեն:
«Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցությունն ուզում է Վրաստանը տեսնել անկախ, որը չի անդամակցի որևէ մի միության:
Կուսակցությունն ունի խորհրդանիշ եւ դրոշ, հանդես է գալիս «ժողովրդավարությունն այսօր» կարգախոսով։