
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի միջև կնքված «Առանձին ռազմական ստորաբաժանումները ՌԴ-ի ԶՈւ-ում ներառելու մասին» համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի մարտի 31-ին Մոսկվայում: Մինչ այդ ԱՄՆ-ն դատապարտել էր նշված համաձայնագիրը: «Մենք չենք ճանաչում այսպես կոչված համաձայնագիրը, որը իրական միջազգային փաստաթուղթ չէ»,- ասված է պետդեպարտամենտի հայտարարությունում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հարավային Օսիայի այդ ժամանակվա նախագահ Լեոնիդ Թիբիլովը ասել էր, որ Հարավային Օսիայի և ՌԴ-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Հարավային Օսիայի մոտ 150 զինծառայող կհամալրի ՌԴ ԶՈւ-ի շարքերը։