Պետրիաշվիլիի գործընկերները պահանջում են փոխել հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել

petriahsvili2Եվրաինտեգրման հարցերով նախկին նախարար Ալեքսի Պետրիաշվիլիի կուսակիցները պահանջում են օպերատիվ հետաքննություն անցկացնել, ինչպես նաև փոխել հոդվածը, որի հատկանիշներով այժմ քննություն է ընթանում: 

 

Նրանք նաև պահանջում են հանդիպել վարչապետ Գիորգի Կվիրկիկաշվիլիի և Ներքին գործերի նախարար Գեորգի Մհեբրիշվիլիի հետ` գործի մանրամասներին ավելի լավ ծանոթանալու նպատակով:  Տեղեկությունը փոխանցում է « Грузия online»-ը:  Հիշեցնենք,  որ ուրբաթ օրը անհայտ անձինք հարձակվել են Պետրիաշվիլու վրա, ծեծել նրան, այնուհետև կրակել ոտքերին: Դեպքը տեղի է ունեցել Սաբուրթալոյի գերեզմանատան մոտակայքում:
Պետրիաշվիլին հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է:  Նրա գլխին բութ գործիքի հարվածի հետքեր են հայտնաբերվել: Դեպքի ականատեսներից մեկը լրագրողներին պատմել է, թե տեսել է` ինչպես է գլխարկով մի երիտասարդ ինչ-որ մեկին ծեծում`  փայտի մեծ ձողով, սակայն կրակոցի ձայներ նա չի լսել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել`  Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը»: Սակայն Ազատ դեմոկրատներ»-ը, որի անդամ է նաև Պետրիաշվիլին, պահանջում են գործի քննությունն անցկացնել սպանության փորձի հոդվածով:  «Սա սպանության փորձ է. Ամեն ինչ, իհարկե , սկսվում է անձնական հարաբերություններից և հակասություններից, բայց երբ ինչ-որ մեկը մյուսի վրա կրակում է, սա արդեն անձնական չէ, այլ քրեական»,— լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել կուսակցության անդամ Զուրաբ Աբաշիձեն:

 

Իսկ կուսակցության մեկ այլ անդամ` Նինո Գոգուաձեն ասել է, որ ոչ մի ինֆորմացիայի չեն տիրապետում` ինչ ուղղությամբ է տարվում հետաքննությունը. «Մենք պահանջում ենք` ողջ տեղեկատվությունը ստանալ անձամբ վարչապետից և ներքին գործերի նախարարից»:
Մեկ այլ ընդդիմադիր` «Միացյալ Ազգային շարժում»  կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն էլ  դեպքը համարել է գործող իշխանությունների կողմից ստեղծված` երկրում   տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունք.  «Այն,  ինչ կատարվում է, այն իրավիճակի հետևանքն է,  որի հեղինակը իշխանությունն է, մարդիկ,  ովքեր գումարի դիմաց ազատվել են բանտերից և կառավարությունը, որն ի վիճակի չէ երկրում ապահովել անվտանգություն» :
Դեպքին արձագանքել է նաև երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա համոզված է, որ հանցագործությունը բացահայտվելու է ամենամոտ ապագայում. « Պարոն Ալեքսին մեզ համար հարազատ մարդ է, բնականաբար, մենք հետաքրքված ենք, ինչպես է ընթանում գործը, և վստահ եմ, որ շատ արագ բացահայտվելու է այն» :
Մտահոգություն է հայտնել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին` կատարվածը որակելով որպես սարսափելի և ցնցող իրողություն.  «Ալեքսիին գիտեմ Վրաստանում գտնվելուս օրվանից, երբ իմացա` ցնցված էի, առաջինը մտածեցի նրա վիճակի մասին, հույս ունեմ, որ լայնամասշտաբ քննություն կընթանա, և այս ահավոր հանցագործության մեղավորը խստորեն կպատժվի», -ասել է դեսպանը:
Իսկ տուժածի ֆեյսբուքյան էջում գրված է, թե պայքարը միշտ իմաստ ունի, և սերը կհաղթի: Ինչպես նաև նշվում է, որ գրառումն արված է Ալեքսի Պետրիաշվիլիի հանձնարարականով և թելադրանքով:  «Գրում և տարածում եմ Բուկայի խնդրանքով»:  Այս հաղորդագրության մեջ ավելացված է նաև Պետրիաշվիլիի և կնոջ լուսանկարը:
Պետրիաշվիլին երկու վիրահատություն է տարել: Նրա առողջական վիճակը կայուն է, բայց նա դեռևս Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Հիշեցնենք, որ Պետրիաշվիլին հրաժարական էր տվել   պետնախարարի պաշտոնից`  2014թվականին` Պաշտպանության   նախարար Իրակլի Ալասանիայի սկանդալային պաշտոնաթողությունից անմիջապես հետո:

Լուսանկարը` Պետրիաշվիլիի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան