
Երեկ` ապրիլի 19-ին, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած վեճի վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կհարցաքննի գլխի շրջանում վնասվածք ստացած, խորհրդարանական փոքրամասնության անդամ Օթար Կախիձեին։ Նախարարությունից չեն մանրամասնել` հետաքննություն կսկսե՞ն, թե՞ ոչ:
Առկա տեղեկատվության համաձայն` «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Օթար Կախիձեն վնասվածք է ստացել «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Գիորգի Կանդելակիի և մեծամասնության անդամ Վանո Զարդիաշվիլիի միջև բռնկված վեճի ժամանակ, որը տեղի է ունեցել պատգամավորների սենյակում: Գիորգի Կանդելակին մոխրաման է նետել Վանո Զարդիաշվիլիի վրա, որը պատահաբար կպել է Օթար Կախիձեի գլխին: