
Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնաթող լինելու` «Եվրոպական Վրաստան» խմբակցության նախաձեռնությանը ստորագրությամբ միացել է նաեւ «Միացյալ ազգային շարժումը»: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն, այս քարոզարշավը չպետք է պայմանավորել եկեղեցու շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներով: Նրա խոսքերով, սա գլխավոր դատախազի` վարչապետին, կառավարությանը եւ խորհրդարանական մեծամասնությանը ճշմարտությունից շեղելով է պայմանավորված:
«Այսօր այլեւս ակնհայտ է, որ կառավարությունը խառնվում է եկեղեցու ներքին գործերին եւ այս ամենը ծրագրված էր նրանց շահերի համար եւ թե ինչ ստացվեց դրա արդյունքում, հանրության համար հասկանալի է»,- հայտարարել է Գոցիրիձեն:
Հիշեցնենք, Վրաստանի գլխավոր դատախազությունը այսօր` փետրվարի 20-ին հայտարարություն էր տարածել, որի համաձայն չէր բացառել համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի դեմ հնարավոր մահափորձը: