Վրացի օպերային հայտնի երգիչ, բարեգործ Պաատա Բուրչալաձեն մտադիր է ներգրավվել երկրում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում:
Նրա հիմնած և իր կողմից ղեկավարվող` «Վրաստանի զարգացման հիմնադրամից» տեղեկացրել են, որ Բուրչուլաձեն ներկայումս ԱՄՆ-ում է, վերադառնալուց հետո կքննարկվի ընտրություններին` նրա մասնակցության հարցը: Մինչ Բուրչուլաձեն և իր համախոհները որոշում են` մասնակցել ընտրություններին, թե ոչ, հասարակությունն արդեն նրան ընկալում է որպես քաղաքական գործիչ. ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հարցվածների 75 տոկոսը կարծիք է հայտնել, որ հենց Բուրչուլաձեն, որպես քաղաքական գործիչ, կարող է լուծում տալ բոլոր խնդիրներին: Հարցման արդյունքների մասին հայտնել «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Պաատա Բուրչուլաձեն, չնայած հանրահայտ լինելուն, երկար ժամանակ խուսափում էր քաղաքականությունից, զբաղվում էր բացառապես բարեգործությամբ: 2015-ի աշնանը նա բոլորի համար անսպասելի ստեղծեց «Վրաստանի զարգացման հիմնադրամը», որի հիմնական ուղղությունը դարձան քաղաքական հարցերը: Հիմնադրամը շուտով բացեց իր մասնաճյուղերը շրջաններում, ներկայացուցչություն հիմնվեց ԱՄՆ-ում:
Արդեն հիմնադրամի գրասենյակ է բացվել նաև Գարդաբանիում, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բուրչուլաձեն ասել է, որ ժողովրդի մոտ ապագայի նկատմամբ հավատը կորել է: Նա վստահեցրել է, որ իրենք մեծ ծրագրեր ունեն, որոնք կյանքի կկոչվեն, քանի որ մարդիկիր հիմնադրամի հետ կապված մեծ հույսեր ունեն :
Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին: Սպասվում է, որ Վրաստանի քաղաքական դաշտում նոր դեմքեր կհայտնվեն, կուսակցական ցուցակներն էականորեն կտարբերեն 2012-ի ընտրացուցակներից: