Չնայած վարչապետի՝ Տղիբուլիի Մինդելի հանքավայրը փակելու հրամանին, «Սաքնախշիրի Ջի Այ Ջի» ընկերության վարչությունը վերջին երկու օրերին զանգահարում է հանքերի աշխատակիցներին և պահանջում վերադառնալ աշխատանքի: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արհմիությունների փոխնախագահ Ռայիսա Լիպարտելիանին:
Նրա խոսքերով, այս տեղեկատվությունը հանքագործներ են փոխանցել:
Ըստ Լիպարտելիանիի, վարչակազմը երեկ հրամանագիր է ստորագրել վերոնշյալի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ դա վերաբերում է բոլոր աշխատակիցներին և աշխատանքի չներկայանալու դեպքում փոխհատուցում չի լինի:
«Մեր կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի չաշխատելու, երբ նրա կյանքը վտանգի տակ է: Մյուս կողմից, վարչակազմի այս կարգադրությունը հակասում է վարչապետի հայտարարությանը, ըստ որի՝ պետք է դադարեցվեն բոլոր հանքերի աշխատանքները, սակայն, աշխատակիցներին էլ պետք է փոխհատուցվի», — ասում է արհմիությունների փոխնախագահը:
Ըստ նրա, վարչապետի այս հայտարարությունը կարևոր է, սակայն ուշացած: Արհմիությունը կոչ է անում վարչապետին, անմիջապես, հրավիրել հանձնաժողովի նիստ, որտեղ արհմիությունները կքննարկեն այս տարվա ապրիլին հնչած հանքափորների պահանջները:
Հիշեցնենք, որ Տղիբուլիի հանքահորում միայն այս տարի 12 մարդ է զոհվել։ Վերջին վթարը հուլիսի 16-ի վաղ առավոտյան է տեղի ունեցել՝ խլելով 4 ածխահատի կյանք, 6-ը վիրավորվել է: