
«Եթե Եվրամիությունը մինչև հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիների համար չհաստատի անայցագրային ռեժիմ, ապա մենք ստիպված կլինենք չկատարել փախստականների հետ կապված պարտավորությունները»: Այդ մասին Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին:
Նրա խոսքերով, Թուրքիան անայցագրային ռեժիմի հաստատման վերաբերյալ Եվրամիությունից սպասում է հստակ ամսաթիվ:
Հիշեցնենք` ընթացիկ տարվա մարտ ամսին Եվրամիությունը և Թուրքիան հասել են պայմանավորվածության, որի համաձայն, անօրինական ճանապարհով Հունաստանում հայտնված բոլոր փախստականներին կընդունի Թուրքիան, իսկ դրա փոխարեն Եվրամիությունը ապաստան կտա Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին, ավելին, Թուրքիան դրա դիմաց կստանա 6 միլիարդ եվրո:
Հիշեցնենք, բացի փախստակնների հարցերի շուրջ պահանջներից, Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային փոխել հակաահաբեկչական օրենքը: