
«Կցանկանայի, որ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հակակշիռ ստեղծի իշխանություններին»,- նման հայտարարություն է արել Վրաստանի օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին:
Վերջինիս պաշտոնավարման ավարտը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերին: Նանուաշվիլին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե ով կներկայացվի օմբուդսմենի պաշտոնում:
Պարզ չէ նաև, թե ինչով կզբաղվի Նանուաշվիլին: Նշենք, որ ավելի վաղ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը տեղեկատվություն էր տարածել, որի համաձայն՝ «Վրացական երազանք»-ը Նանուաշվիլիին երկրորդ անգամ չի ներկայացնի խորհրդարանին: