Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 10-ին ծրագրված Ուկրաինա վերադառնալուց առաջ, եվրոպական մի քանի երկիր կայցելի:
«Ես պատրաստվում եմ Ուկրաինա վերադառնալ: Մոտ օրերի ընթացքում մի քանի եվրոպական երկիր կայցելեմ: Կոպենհագեն եմ ուղեւորվում, որտեղ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» նիստին կմասնակցեմ եւ քաղաքական գործիչների կհանդիպեմ: Չեմ բացառում, որ եվրապատգամավորների հետ հանդիպելու նպատակով կուղեւորվեմ նաեւ Բրյուսել»,- նշել է Միխեիլ Սահակաշվիլին ուկրաինական Newsone հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, սեպտեմբերի 10-ին նա օրենքի սահմաններում եւ օրինական կերպով կհատի Ուկրաինայի սահմանը` Կրակովի սահմանային անցակետից:
Ինչպես նշել է Սահակաշվլին, Ուկրաինայի իշխանությունները 3 սցենար են պատրաստում իր վերադարձի հետ կապված:
«Առաջինը` սահմանին ինձ կարող են ներս չթողնել, խլել անձնագիրը եւ Լեհաստան վտարել: Կամ ինձ Ուկրաինա կթողնեն, հետո ինչ-որ պատճառով կձերբակալեն եւ կարտահանձնեն Վրաստանին, կամ էլ սահմանին որեւէ խառնաշփոթ կկազմակերպեն: Սպառնացել են, բայց ես չեմ վախենում»,- հայտարարել է Սահակաշվիլին: