Ընթերցելով Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք»-ը. ՄԱՍ 1

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գիրքը վերջերս հայերեն թարգմանվեց: Գրքի շնորհանդեսի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ, սակայն ի վերջո տեղի ունեցավ Երեւանի «Յանկի» ակումբում: Սույն հոդվածաշարով ներկայացնելու ենք գրքում մեր կողմից գտած փաստական որոշ սխալներ, իսկ հաճախ իրականության հետ կապ չունեցող հատվածները:

Սեփականությունն ու պոպուլիզմը

Իր «Ուժերի զարթոնք» գրքում Սաակաշվիլին ընտանիքի անդամների մասին գրում է, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն իր տատիկի գույքի վրա կալանք են դրել:

«Նա տուժեց որպես իմ ազգական: Չէ՞ որ ինձ մոտ ուրիշ բան չգտան, բացի 100 քմ գյուղական տնից ու խաղողի մեկուկես հեկտարանոց այգուց»,- գրում է Սաակաշվիլին:

Թեև Վրաստանի 3-րդ նախագահի սեփականության կամ ունեցվածքի վերաբերյալ տվյալները շատ չեն, համենայնդեպս ահռելի ունեցվածքի մասին լուրեր մինչ օրս չկան, սակայն, գրքի այս մեջբերումը չի համապատասխանում իրականությանը:

Այսպես, Սաակաշվիլիի վերջին` 2013 թվականի հայտարարագրի համաձայն, միայն Կվարելի քաղաքում նա ավելի քան 20 հազար քմ, իսկ Գուդաուրիի ձմեռային հանգստավայրում` 500 քմ հողատարածք ունի: Կվարելիի մունիցիպալիտետը գտնվում է Վրաստանի արևելյան հատվածում` Կախեթիի շրջանում և սահմանակից է Ադրբեջանին: Հենց այստեղ է 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի վրաց գրող, հրապարակախոս, քաղաքական և հասարակական գործիչ Իլիա Ճավճավաձեի տուն-թանգարանը: Շրջանը հայտնի է իր գինիներով: Գուդաուրին, իր հերթին, Վրաստանի ձմեռային հանգստավայրերի «հայրն» է: Տարվա ընթացքում Գուդաուրի են այցելում 100 հազարավոր օտարերկրացիներ և տեղացիներ:

Նշենք նաեւ, որ Սաակաշվիլին նշված հողատարածքները 105 հազար լարիով (մոտ 70 հազար ԱՄՆ դոլար) գնել է 2013 թվականին, երբ արդեն պարտվել էր խորհրդարանական ընտրություններում: Հիշեցնենք, որ 2012-2013 թվականը Վրաստանում համարվում է «կոհաբիտացիայի»` համակեցության շրջան, քանի որ Սաակաշվիլին շարունակում էր զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը, մինչդեռ խորհրդարանում մեծամասնություն էր կազմում Բիձինա Իվանիշվիլիի` «Վրացական երազանք» կուսակցությունը:

«Օրենքով գողեր»-ը

Անառարկելի է Միխեիլ Սաակաշվիլիի անմռունչ պայքարը քրեական աշխարհի եւ առանձին քրեական հեղինակությունների դեմ: Մինչ 2003-ի Վարդերի հեղափոխությունը Վրաստանում ըստ էության անիշխանություն, կամ հենց քրեական տարրերի կառավարումն էր գերակայում: Նշվածի շուրջ ունեցած նվաճումներին Սաակաշվիլին հակադրում է ներկայիս իշխանություններին. «Այն բանից հետո, երբ օրենքով գողերին հեռացրինք Վրաստանից, նրանց ազդեցությունը տնտեսության վրա վերացավ: Նրանք շատ չարացած էին այդ առիթով, իրենց համար դա սկզբունքի հարց էր: Այժմ նրանք վերադարձել են երկիր»:

«Օրենքով գող» լինելը Վրաստանում քրեական հանցագործություն է համարվում 2005 թվականից ի վեր, որը պատժվում էր 5-10 տարվա ազատազրկմամբ: Սաակաշվիլիի իշխանությունից հեռանալուց հետո էլ օրենքը շարունակում է գործել եւ կիրառվել: Այսուհանդերձ, Սաակաշվիլիի կողմնակիցները շարունակում են լուրեր տարածել քրեական հեղինակությունների զանգվածային վերադարձի մասին, սակայն փաստ է, որ 2012 թվականից հետո էլ իշխանությունները շարունակում են պայքարել «օրենքով գողերի» դեմ:

Այսպես, 2012 թվականի իշխանափոխությունից հետո «օրենքով գողեր» են ձերբակալվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, Սարփիի սահմանային հսկիչ-անցակետում և այլուր: Ձերբակալված քրեական հեղինակությունները Վրաստան են փորձել մուտք գործել նախկին խորհրդային երկրներից (Ուկրաինա, Բելառուս): Հարկ է նշել նաեւ, որ 2012-ի դրությամբ Վրաստանը բանտարկյալների թվաքանակով աշխարհի առաջատարներից էր (բնակչության թվաքանակ-բանտարկյալ հարաբերակցությամբ 3-րդը` ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո), չկար նաեւ քաղբանտարկյալների պակաս: Իշխանափոխությունից հետո մինչ օրս 10-ից ավելի համաներում է եղել, ինչի արդյունքում պարբերաբար ավելացել են հանցագործությունները:

Ավելացնենք, որ բոլորովին վերջերս Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նախաձեռնությամբ հանդես եկավ` խստացնելով օրենքը: Այսուհետ «օրենքով գող» լինելը կդասվի ծանր հանցագործությունների շարքին, ինչը կենթադրի 9-ից 15 տարվա ազատազրկում: Նշված փոփոխությունները կիրականացվեն «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» օրենքում: Պատժելի է դառնում նաև «օրենքով գողին» դիմելու միջոցով խնդիրներ լուծելը:

Շարունակելի…

Թողնել պատասխան