«Միացյալ ազգային շարժում» կուսակցության արդեն նախկին առաջնորդներից Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ, իր եւ Միխեիլ Սաակաշվիլիի միջեւ բախումը սկիզբ է առել դեռեւս 2013-ին: Ինչպես Ուգուլավան է ասել «Կվիրիս պալիտրա» թերթի հետ հարցազրույցի ընթացքում, բախումը սկիզբ է առել կուսակցության ղեկավարին փոխելու վերաբերյալ հարցի պատճառով: Ուգուլավան նշել է նաեւ, որ այս ժամանակահատվածում նրա դիրքորոշումն այն է եղել, որ Սաակաշվիլիի նախագահության օրոք վերջինը պետք է սահմանափակվեր միայն այդ պաշտոնով, իսկ կուակցության առաջնորդ ընտրվեր մեկ այլ մարդ:
«Գիտակցում էինք, որ դատախազությունը հետաքրքրված էր մեղադրանքներ հավաքելով, բնական է` ակնկալում էինք նաեւ կուսակցության առաջնորդների ձերբակալությունը: Միշային ասացի, ամբողջ հարվածը մեր վրա կվերցնենք, դու եղիր նախագահ, սա շահավետ պաշտոն է նաեւ քեզ համար: Իմ դիրքորոշումն առաջին հերթին պայմանավորված էր իր շահերով, չնայած Սաակաշվիլիից ոչ ադեկվատ արձագանք ստացա»,— ասել է Ուգուլավան:
Նրա խոսքով, Սաակաշվիլին, որպես առաջնորդ պարտավոր էր իր հետ պայքարողներին եւ աջակիցներին նոր դիրքորոշումներ ցույց տալ, սակայն չկարողացավ դա անել:
«Այս պատճառով էլ ասացի, որ նա արժանի չէ առաջնորդի կարգավիճակին: 2013 թ-ին չկար ոչ ոք, որպեսզի Սաակաշվիլիին ասեր, որ կուսակցությունը իրենից ուժեղ քաղաքական մարմին է, ինչը այսօր սա վստահ կարող եմ ասել: Արդյունքում այսօր «Միացյալ ազգային շարժումը» մեկ մարդու կուսակցություն է դարձել»,- նշել է կուսակցության նախկին առաջնորդներից մեկը:
Ուգուլավայի խոսքով, Սաակաշվիլին նրա հետ հանդիպման ցանկություն չի հայտնել:
«Փորձել եմ կապ հաստատել Սաակաշվիլիի հետ, չնայած խոսակցությունը ստացվեց նամակագրության մակարդակի վրա, նա ինձ հետ հանդիպել չցանկացավ: Նրա կարծիքով, նա կապ չունի կուսակցության մեջ ընթացող գործընթացերի հետ եւ ամեն ինչ տեղի է ունենում իրենից անկախ: Իմ վերջին նամակը հետեւյալ վերնագիրն ուներ. «Միացյալ ազգային շարժման» փլուզման պատասխանատուն դու ես»,- ասել է Գիգի Ուգուլավան: