
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան առաջին հանդիպումն է ունեցել Վանի շրջանի բնակիչների հետ: Հիշեցնենք՝ կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում Ուգուլավան հայտարարել էր, որ կառաջադրվի որպես մեծամասնական թեկնածու Վանի և Խոնի շրջաններից:
Ուգուլավան այցելել է շրջանի սոցիալապես անապահով ընտանիքներին: Կուսակցության տարածած հայտարարության համաձայն, շրջանում լուրջ խնդիր է ենթակառուցվածքների խնդիրը: Մեծամասնական պատգամավորի թեկնածուն խոստացել է տեղացիների հետ ծրագիր մշակել ու իրականացնել:
«Վանում կարծում են, որ իշխանություն չունեն․ իրենք լրիվ մոռացված են»,- հայտարարել է Գիգի Ուգուլավան:
Նշենք, որ Խոնիի և Վանիի միացյալ ընտրատարածքում խորհրդարանի միջանկյալ ընտրություններ նշանակվեցին, երբ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գրիգոլ Լիլուաշվիլին տեղափոխվեց Վրաստանի պետական անվտանգության ծառայություն: