Եթե պարզվի, որ դպրոցների զուգարանների վերանորոգման հնարավորություն եղել է, սակայն այն անտեսվել է, ապա պատասխանատվությունը կկրեն տնօրենները: Այս մասին հունվարի 17-ին հայտարարել է Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան՝ պատասխանելով դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերվող հարցին: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
Նախարարը նշել է, որ այս հարցը հունվարի 16-ին քննարկել է տնօրենների խորհրդում: Ըստ ոլորտի պատասխանտուի, շատ ցավալի է, որ բազում դպրոցների զուգարաններ նույնիսկ դուռ չունեն, այն դեպքում, երբ բյուջեում դրա համար բավականաչափ գումար կա:
«Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան այն, որ երեխան չի կարողանում, կամ չի ուզում մտնել զուգարան: Տնօրեններին խնդրել և պահանջել ենք առաջին հերթին ուշադրություն դարձնել կրթօջախի սանիտարահիգիենիկ պայմաններին: Մենք նրանց տեղեկացրել ենք, որ ամեն կերպ պատրաստ ենք աջակցել, այդ թվում՝ ֆինանսապես»,-հայտարարել է Ջեջելավան: