Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թբիլիսին նույնպես քաղաքապետ է ընտրելու: Նախորդ հոդվածում ներկայացրել էինք Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներից մի քանիսին, հակիրճ նկարագրելով նրանց քաղաքական ծրագրերը` ըստ ոլորտների: Ստորեւ հրապարակում ենք մայրաքաղաքը ղեկավարելու հավակնություններ ունեցող մյուս թեկնածուների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ:
Թբիլիսիի քաղաքապետի միակ անկախ թեկնածուն Ալեկո Էլիսաշվիլին է: Նախկին լրագրողին 2013 թվականին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նշանակել է Ներում շնորհելու հանձնաժողովի ղեկավար: 2014 թվականին թողել է պաշտոնը և Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասից ընտրվել Քաղաքային խորհրդի մեծամասնական անկախ պատգամավոր:
Էլիսաշվիլին ակտիվորեն հադնես է գալիս Թբիլիսիի պատմական հատվածի պաշտպանության ելույթներով: Նա հպարտանում է, որ չի պատկանում որևէ կուսակցության: Չնայած, իշխանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էլիսաշվիլիին իրենց աջակցությունն են հայտնում Ազատ դեմոկրատները, Հանրապետականներն ու նախագահ Մարգվելաշվիլին:
Էլիսաշվիլին պաշտոնապես քաղաքապետ ինքնառաջադրվեց հուլիսի 6-ին: Նա համարում է, որ բոլոր ոլորտներում շատ անելիք կա: Իր նախընտրական ծրագրում Էլիսաշվիլին ուշադրություն է դարձրել կանաչապատմանը, տրանպսորտային համակարգին, Թբիլիսիի պատմական մասի պահպանությանը և այլն:
Հատկանշական է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն հրաժարվում է Էլիսաշվիլիի հետ դեբատների մասնակցելուց: Էլիսաշվիլին գտնում է, որ Կալաձեն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչով է զբաղվելու քաղաքապետի պաշտոնում: Էլիսաշվիլին նաև միակ թեկնածուն է, որը ազատորեն քննադատում է նաև նախկին իշխանությունների ժամանակ Թբիլիսիի քաղաքապետարանի գործունեությունը: «Առաջին հրամանագիրը, որը կստորագրեմ գրասենյակ մտնելուց անմիջապես հետո` կլինի «City park»-ի (սխալա կայանելու դեպքում տուգանք սահմանող ընկերություն) հետ համաձայնագրի չեղարկումը»:
«Ազատ Վրաստան» և «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունները այս ընտրություններին միասնական թեկնածու են առաջադրել: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար այս դաշինքից պայքարելու է Կախա Կուկավան: Օգոստոսի 21-ին «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն Կուկավային պաշտոնապես ներայացրել է որպես քաղաքապետի թեկնածու: Խորհրդարանի նախկին խոսնակ Բուրջանաձեն, ով աչքի է ընկնում ռուսամետ հայտարարություններով, հայտարարել էր, թե «միայն միասնական ընդդիմության թեկնածուն կարող է հաղթել իշխանությանը, կամ` առնվազն երկրորդ փուլ անցնել, իսկ երկրորդ փուլում հաղթելու իրական շանսեր կան»:
41-ամյա Կախա Կուկավան 2004-2008 թվականներին հանդիսացել է Վրաստանի խորհրդարանի անդամ, իսկ 2010-2014 թվականներին՝ Թբիլիսիի քաղաքային խորհուրդի պատգամավոր: Հատկանշական է, որ Կուկավան 2012 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, եղել է Թբիլիսիի Վակե թաղամասի մեծամասնական պատգամավորության թեկնածու, սակայն ստացել է ընտրողների 1.31% քվեն:
Կուկավայի նախընտրական ծրագիրը բաժանված է մի քանի մասի: «Մենք ուսումնասիրել ենք, թե ինչի կարիք ունի Թբիլիսին: Բնականաբար, նվազեցնելու ենք բյուրոկրատական ծախսերը»,- հայտարարել է քաղաքապետի թեկնածուն:
«Առաջադեմ—ժողովրդավարական շարժում» կուսակցությունը ստեղծվել է այս տարվա հունիսին: Նրա հիմնադիրը և Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն Լաշա Ստուրուան է: Վերջինս 14 տարի աշխատել է որպես իրավաբան: Կուսակցության կարգախոսն է՝ «Ձեզ մոտ, Ձեզ համար, Ձեզ հետ միասին»: Բացի կարգախոսից, կուսակցությունը պաշտոնապես գրանցված է «Առաջադեմ—ժողովրդավարական շարժում» անվանումով:
«Մենք՝ խելացի մարդիկ, ովքեր տարիների շարունակ հիմարների կողմից են կառավարվում, որոշել ենք վերջ տալ այս ամենին: Իշխանության պետք է գան առողջ մտածող, պրոֆեսիոնալ մարդիկ, սակայն պարտադիր չէ պրոֆեսիոնալ անցյալով»,- հայտարարել է Ստուրուան` հավելելով, թե իր կուսակցությունը կիսում է եվրոպական արժեքները: Ստուրուայի խոսքերով, իր կուսակցությունը նախագիծ է մշակել, որը կաջակցի մանր և միջին բիզնեսի զարգացմանը: «Մենք ցանկանում ենք «Ընտրիր ինձ և ծառայիր» սկզբունքը փոխել` «ընտրիր ինձ և կծառայեմ քեզ» սկզբունքով»,- Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության եթերից հայտարարել է Ստուրուան:
«Կառուցման շարժում»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Թենգիզ Շերգելաշվիլին: Այս կուսակցությունը եւս 2017-ին է հիմնադրվել, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլիի կողմից:
Դավիթ Ուսուփաշվիլին Շերգելաշվիլիին որպես քաղաքապետի թեկնածու պաշտոնապես ներկայացրել է օգոստոսի 4-ին: Շերգվելաշվիլիի անվան հետ է կապված տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումը 2013-2014 թվականներին, երբ մունիցիպալիտետները բաժանվեցնին և շրջանը ունեցավ երկու սակրեբուլո: Ավելի ուշ սակայն, այս բարեփոխումները չեղարկվել են` շրջաններին վերադարձնելով նախկին կարգավիճակը:
Կառուցելու ժամանակն է, ասում է Շերգելաշվիլին: Նա 7 առաջնահերթ ուղղություն է ներկայացրել, որոնք ըստ թեկնածուի առավելագույն ուշադրության կարիք ունեն: Այսպես` առողջ միջավայր, քաղաքաշինություն և շինարարություն, Թբիլիսիի կառավարում, տրանսպորտ, կրթություն, առողջապահություն և սոցիալական պաշտպանություն, տնտեսություն, բիզնեց և զբաղվածություն:
«Ազգային ժողովրդավարական շարժում» կուսակցությունը, որը քաղաքական գործունեությունը վերսկսել է 2007 թվականին Բադրի Պատարկացիշվիլիի ջանքերով, Թբիլիսիիքաղաքապետի թեկնածու է առաջադրել կուսակցության ղեկավար Դավիթ Շուկակիձեին: Վերջինս կարծում է, թե Վրաստանում ինքնակառավարում չկա, «կա միայն կառավարում», սակայն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, քանի որ. «Այս երկրի քաղաքացին է և քաղաքականությամբ է զբաղվում 1988 թվականից»: Շուկակիձեն պնդում է, թե էկոլոգիան, տրանսպորտը և այլ խնդիրներ երկրորդական չեն, սակայն նաև առաջնային չեն: «Առաջնային խնդիրը էլեկտրաէներգիայի խնդիրն է, ինչպես նաև աղբահանությունը: Հիմա այնպիսի համակարգ է, որ եթե մարդ չի կարողանում վճարել աղբահանության համար, ապա զրկվում է նաև ջրից և էլէներգիայից: Մարդուն խմելու ջրից զրկել չի կարելի»,- հայտարարել է Շուկակիձեն:
Նիկոլոզ Սանեբլիձեն «Ավանդապահներ»-ի կողմից առաջադրված Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն է: 1979-1988 թվականներին աշխատել է Թբիլիսիի պետական համալսարանում: Սանեբլիձեն անկախ Վրաստան գերագույն խորհրդի անդամ է եղել 1990-1991 թվականներին՝ «Կլոր սեղան –Ազատ Վրաստան» դաշինքից: Ավանդապահները կարծում են, թե Թբիլիսին պետք է դառնա իրական ինքնակառավարվող քաղաք: Առաջին հերթին թբիլիսցիների շահերը պիտի պաշտպանված լինեն,- ասում է Սանեբլիձեն և հավելում, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու էկոլոգիան, մասնավորապես օդի աղտոտվածությունը:
«Վրաստան» կուսկացության ղեկավար Գիորգի Լիլուաշվիլին նույնպես պայքարելու է քաղաքապետի պաշտոնի համար: Լիլուաշվիլին մի շարք ընտրությունների է մասնակցել, 2010 թվականին պայքարել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար, 2012 թվականին հանդիսացել է Խորհրդարանի պատգամավորության մեծամասնական թեկնածու Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասից: Մասնակցել է նաև Թբիլիսիի քաղաքապետի նախորդ ընտրություններին, չնայած, ինչպես մնացած բոլոր ընտրություններում՝ պարտվել է:
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների ծրագրերն ու կենսագրությունը առանձին—առանձին կներկայացնենք առաջիկա շաբաթվա ընթացքում: