Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեի խոսքերով` կարևոր է հասկանալ` որևէ մեկը պատասխանատվություն կկրի՞ Գերագույն դատարանի դատավորների վրա ճնշում գործադրելու համար:«Այսօր մենք տեսանք, որ պոտենցիալ գործի ապացույցները կան: Մեզ համար կարևոր է արդյունքը, որը ենթադրում է պատասխանատվության ենթարկել և գործը վերջնականապես ավարտին հասցնել»,— հայտարարել է Դոլձեն:
Աննա Դոլիձեի խոսքերով` այդ պոտենցիալ ապացույցները հետաքրքիր են, սակայն ավելի կարևոր է հասկանալ` հանցագործություն իրականացվել է թե ոչ:
Վրաստանի Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն` Գերագույն դատարանի դատավորներ Բեսարիոն Ալավաձեն և Պաատա Քաթամաձեն, Դավիթ Սակղվարելիձեի անունով նամակ են ստացել, որի համաձայն, «նա դատավորներին առաջարկում է որոշակի գործողություններ իրականացնել և այդ գործողությունների փոխարեն օգուտ ստանալ»:
Դատախազությունը հայտարարում է, որ Դավիթ Սակղվարելիձեի ինքնությունը պարզ չէ: Հայտարարությունում ասվում է, թե նամակը ուղարկվել է +380 հեռախոսային կոդով (Ուկրաինայի հեռախոսային կոդն է, որտեղ և այժմ գտնվում է Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սակղվարելիձեն):
Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (նախաքննությանը միջամտել):
Օրեր առաջ «Ուկրաինական հեղափոխություն» կայքում հրապարակվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սակղվարելիձեի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ խոսում են դատավորներ Ալավիձեի և Քաթամաձեին կաշառան մասին: Ձայնագրության իսկությունը ապացուցված չէ: