«Իրականացավ Մամուկա Մդինարաձեի երազանքը՝ ես այլևս չեմ լինի նրա կուսակցությունից: Սպասում եմ, որ կհեռացնեն նաև «Վրացական երազանք» խմբակցությունից», — այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում հայտարարել է Դավիթ Ճիճինաձեն, որին նախօրեին հեռացրել էին «Վրացական երազանք» կուսակցությունից:
Ըստ Ճիճինաձեի՝ ինքն է որոշելու մնալ մեծամասնության շարքերում, թե ոչ։
«Ցանկության դեպքում կարող եմ դառնալ այլ կուսակցության անդամ: Ես չեմ պատրաստվում հեռանալ խորհրդարանից, շարունակելու եմ գործունեությունս այստեղ: Մեծամասնական պատգամավոր եմ, արժանիքներ ունեմ: Իմ ընտրողի համար այս արժանիքներն են կարևոր»,- ասել է Ճիճինաձեն:
Հիշեցնենք, նախօրեին «Վրացական երազանք» կուսակցությունն իր շարքերից հանել էր պատգամավոր Դավիթ Ճիճինաձեին: Որոշման տակ ստորագրել են «Վրացական երազանք»-ի քարտուղարության 5 անդամները. գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, քաղաքական քարտուղար Գիորգի Վոլսկին, միջազգային քարտուղար Թամար Չուգոշվիլին, տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն: