«Սահմանադրության նոր նախագիծը երաշխավորում է իշխող թիմի հաղթանակն ընտրություններում, ինչով էլ ընտրությունները կորցնում են իրենց իմաստը»,-նման հայտարարություն է արել Վրաստանի «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին։
Ըստ Բուրջանաձեի, իշխանություններն այսպիսով երկիրը տանում են դեպի հեղափոխություն։
«Ցավոք, հեղափոխությունն անխուսափելի է դառնում: Հաշվի առնելով Բիձինա Իվանիշվիլիի հսկայական ունեցվածքը, այն կարող է փոքր-ինչ ձգձգվել, սակայն, երբ ժողովուրդը հասկանա, որ ընտրությունները կորցրել են իրենց իմաստը և նրանց միջոցով անհնար է ազատվել անգործունակ պաշտոնյաներից՝ կսկսեն նոր ճանապարհներ փնտրել, հեղափոխություն սկսել, ինչը մեր երկրի համար շատ վատ հետևանքներ կունենա»,-ասել է Բուրջանաձեն:
Նոր Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան կուսակցական ցուցակներով, մինչդեռ ընդդիմադիր կուսակցություններին չի թույլատրվի նախընտրական քաղաքական դաշինքներ կազմել: