Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, ինչպես նաև միջազգային մի շարք այլ կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում ներկայացրել է Վիկտոր Դոլիձեին։ Գերմանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրվել է Էլգուջա Խոկրիշվիլիի թեկնածությունը:
Ինչպես տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից, Վրաստանի վարչապետը համապատասխան հրամանագրերն իր ստորագրությամբ արդեն ուղարկել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:
Հիշեցնենք՝ Վիկտոր Դոլիձեն 2016 թ․ նշանակվել էր Եվաիտնեգրման հարցերով նախարարի պաշտոնում, այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՊՆ նախկին նախարար Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ»-ը պարտվեց, անդամներից շատերը, այդ թվում և Դոլիձեն, լքեցին կուսակցության շարքերը։
Դոլիձեն 2007 թ․ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում է ստացել: 2012 թ․ եղել է Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի անդամ, զբաղեցրել է խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար: 2005-2009 թթ․ եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում, Հունգարիայում, Վրաստանի մշտական ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում և Վիեննայում գտնվող այլ միջազգային կազմակերպություններում: Նա աշխատել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում:
Գերմանիայի դաշնային հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածու Էլգուջա Խոկրիշվիլին 2014-2015 թթ․զբաղեցրել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, այնուհետև Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանության նախարար: Այս պահին Գերմանիայում Վրաստանի դեսպանության ավագ խորհրդականն է: Խոկրիշվիլին նաև ակադեմիական գործունեություն է ծավալել Գերմանիայում: 2002-2008 թթ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պոտսդամի համալսարանում: