«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի և Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի ենթադրյալ զրույցի ձայնագրության հրապարակման վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել:
Նախարարությունից տեղեկացրել են, որ հետաքնության հիմք է հանդիսացել հանրային տարածքում տարածված ձայնագրությունը:
«Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կիբեռհանցագործության բաժինը անձնական տվյալները հրապարակելու փաստով հետաքննություն է սկսել` Վրաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի առաջին և երկրորդ կետերի հատկանիշներով»,— հայտարարել են նախարարությունից:
«Українська революція» տեղեկատվական-վերլուծական հարթակը ձայնագրություն է հրապարակել: Պարբերականի պնդմամբ` ձայնագրությունում զրուցում են Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
Զրույցը ենթադրաբար «Ռուսթավի 2»-ի դատական գործին է վերաբերում: Նրանք խոսում են երկու դատավորի` Ալավիձեի և Ախվլեդիանիի մասին: Վրաստանի գերագույն դատարանի դատավոր Բեսարիոն Ալավաձեն հեռուստաընկերության դատական գործի դատավորն է: Ձայնագրության համաձայն` խոսք է գնում նշված դատավորներին 3 մլն փոխանցելու մասին: Գվարամիան նշումէ. «Ախվլեդիանին Ալավիդեից ավելի շատ գործ է արել»: