Նորվեգական «Clean Energy Group» կազմակերպությունը պատրաստվում է Վրաստանում խոշոր ներդրում կատարել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի «էներգետիկայի զարգացման հիմնադրամը»։
Նախնական տվյալներով, Ծղալտուբոյի և Ցագարելիի շրջաններում Ռիոն գետի վրա Նամախվանի ՀԷԿ-ի նոր սանդղաջրվեժի շինարարության նախագիծը կարժենա 730 մլն ԱՄՆ դոլար: Երկու սանդղաջրվեժից բաղկացած 433 մեգավատ հզորությամբ Նամախվանի ՀԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին, տեղեկացնում է «netgazeti.ge»-ն:
2015թ․ «Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամ»-ի կողմից ներկայացված Նամախվանի ՀԵԿ-ի սանդղաջրվեժի շինարարության ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել մի շարք կազմակերպություններ, հաղթող է ճանաչվել նորվեգական «Clean Energy Group» կազմակերպությունը:
Նորվեգական Norway Today պարբերականը տեղեկացնում է, որ կազմակերպությունը 8 մլրդ նորվեգական կրոնի չափով ներդրում կկատարի: Ըստ լրատվականի, սա ամենամեծ ներդրումն է, որ նորվեգական կազմակերպությունը երբևէ արել է երկրի տարածքից դուրս:
Վրաստանի «Էներգետիկայի զարգացման հիմնադրամ»-ից տեղեկացնում են, այս պահին բանակցություններ են ընթանում կառավարության հետ համապատասխան պայմանգիրը կնքելու շուրջ: