Այսօր՝ հունիսի 26-ին, Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն հրավիրած ասուլիսում ներկայացրեց կառավարությունում սկսվող կառուցվածքային փոփոխությունները:
Վրաստանի նոր կառավարությունը 14-ի փոխարեն կազմված կլինի 10 նախարարությունից և պետնախարարի գրասենյակից:
Մշակույթի և սպորտի նախարարությունը կմիանա Կրթության նախարարությանը, Պատիժների և պրոբացիայի նախարարությունը՝ Արդարադատության։
Բռնագրավված տարածքներից տեղահանվածների և վերաբնակեցման հարցերով նախարարության գործունեությունը կբաշխվի երեք տարբեր նախարարությունների վրա։ Վերաբնակեցման գործառույթը կփոխանցվի Վրաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, միգրացիոն գործունեությունը՝ Ներքին գործերի, իսկ սոցիալական քաղաքականությունը՝ Առողջապահության նախարարություններին:
Կրոնի հարցերով պետական գործակալությունը կմիանա Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի գրասենյակին, Էկոնոմիկայի նախարարության տարածքային զարգացման բաղադրիչը կփոխանցվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը:
«Վստահ եմ, որ այս փոփոխությունները մեր ժողովրդի շահերից են բխում: Այն մեզ հնարավորություն կտա թվով պակաս նախարարություններ ունենալ՝ պետական ծախսերը կրճատելով 3.9%-ով»,-ասել է Բախտաձեն:
Հավելենք՝ Վրաստանի խորհրդարանը Բախտաձեի գլխավորությամբ ձևավորվող նոր կառավարությանը վստահություն է հայտնել հունիսի 20-ին: