ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել է «ՆերՈՒժ» սթարթափ ծրագրի մեկնարկի մասին:
Ըստ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի՝ ծրագրի նպատակն է Հայաստանում հավաքել 18-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, ովքեր բիզնես գաղափարներ, սթարթափ ծրագրեր և դրանք Հայաստանում իրականացնելու ցանկություն և հնարավորություն ունեն:
«Ծրագիրն ունի մի քանի նպատակ. նախ այս ծրագրով մենք լուծում ենք մեր առջև դրված կարևորագույն առաջնահերթություններից մեկը՝ Սփյուռք-ՀՀ հարաբերություններում ներգրավել սփյուռքահայ երիտասարդությանը, ովքեր գիտական, տնտեսական, բիզնես ներուժ ունեն: Կարծում ենք, որ այս ճանապարհը՝ պետական և մասնավոր այս սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա այսօրինակ պիլոտային ծրագրերի միջոցով ցույց տալ այն ինստիտուցիոնալ ճանապարհները, որոնցով երիտասարդները կկարողանան գալ, հաստատվել Հայաստանում և սկսել իրենց ծրագրերը: Նոր Հայաստանում սփյուռքի նախարարությունը և կառավարությունը, որպես աշխատանքային գործելաոճ և գաղափարախոսություն, տեսնում են մասնավոր սեկտորի լավագույն մասնագետների և պատասխանատուների հետ ակտիվ, սերտ համագործակցությունը», — ծրագիրն այսպես է ներկայացնում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նախարարությունը դիմել է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների՝ առաջարկելով համագործակցություն և ստացել է դրական պատասխան:
Ծրագիրը կանցկացվի 2018 թվականի դեկտեմբերի 16-ից 21-ը Հայաստանում, UWC Դիլիջան քոլեջում։
Չորսօրյա միջոցառման գերակա նպատակներն են՝
- հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հարթակներ և հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար.
- օժանդակել էկոհամակարգին և կառուցել ամուր ու առողջ սթարթափային էկոհամակարգ.
- ապահովել կիրառական ուղղություն՝ ինչպես կառուցել արժեք գեներացնող, առևտրապես կենսունակ և ճկուն սթարթափային բիզնես.
- կառուցել և օգտագործել առանցքային սթարթափային բիզնեսի զարգացման հմտություններ.
- հնարավորություններ ստեղծել համագործակցության և ֆինանսավորման համար:
Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և նորարար տեխնոլոգիաները։
Նախարարն ասում է՝ մենք բաց ենք համագործակցության համար, ուրախ՝ ընդլայնելու աշխատանքային թիմը:
Դիմելու վերջնաժամկետն է 2018թ․ սեպտեմբերի 13-ը:
Նախարարության մամուլի ծառայությունից «Ալիք մեդիային» տեղեկացրին նաև, որ չնայած ծրագրի մեկնարկը նոր է տրվել, արդեն կան մասնակցության հայտեր, և ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն: