Պանկիսիում բողոքի ակցիա անցկացնող Մալխազ Մաչալիկաշվիլին որդու սպանության մեջ մեղադրում է ներքին գործերի և պետական անվտանգության ծառայության ղեկավարներին։
«Նոր իմացա, որ հատուկ գործողությունը կազմակերպել են Վախթանգ Գոմելաուրին (ՊԱԾ ղեկավար, խմբ.) և Գիորգի Գախարիան (ՆԳ նախարար, խմբ.)։ Այդ պատճառով նրանք պետք է պատասխան տան»,-հայտարարել է Մալխազ Մաչալիկաշվիլին, ում որդին՝ Թեմիրլան Մաչալիկաշվիլին, հիվանդանոցում մահացել էր նախորդ տարի Պանկիսիում հատուկ գործողության ժամանակ ստացված հրազենային վնասվածքից:
Սպանված երիտասարդի ընտանիքը պահանջներ է ներկայացրել իշխանություններին: Նա նաև հույս է հայտնել, որ արդարությունը կվերականգնվի և տեղի ունեցածի պատասխանը կստանա նոր վարչապետի կառավարման շրջանում:
«Պանկիսիում ահաբեկչական ակտի կազմակերպման համար պետք է պատասխան տան Գոմելաուրին և Գախարիան։ Պահանջում եմ` ընդունել, որ սխալվել են և անմեղ որդուս են սպանել: Վրաստանի բնակչության 75%-ը և ողջ Պանկիսին մեր կողքին է` արդարության սպասելիքներով: Թող իշխանությունները հիշեն` քիստերը ծնկի չեն գալիս, քիստերի արյունով խաղալու ժամանակներն անցել են, դրա հնարավորությունն այլևս չենք տա»,- հայտարարել է Մալխազ Մաչալիկաշվիլին: