Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ` այսօր երեկոյան Աղմաշենեբելի պողոտայում ծրագրված «Վրացիների երթի» անվտանգությունը կապահովվի հավելյալ ուժերով:
«Interpressnews» լրատվականին նախարարությունից փոխանցել են, որ ոստիկանությունը օրենքի շրջանակներում կիրականացնի անվտանգության միջոցառումներ:
Թբիլիսիի կենտրոնական Աղմաշենեբելի պողոտայում այսօր ազգայնական կազմակերպությունների ակտիվիստները նախատեսել են հերթական ակցիան անցկացնել։ «Վրացիների երթ» ակցիայի կազմակերպիչներից Սանդրո Բրեգվաձեն հայտնել է, որ երթը կմեկնարկի Աղմաշենեբելի պողոտայից, կվերջանա նույն փողոցում գտնվող Մարջանիշվիլի մետրոյի հարակից հրապարակում:
«Վրացիների երթ»-ի նպատակը երկրի տարածքում «անօրինական կերպով գտնվող միգրանտներից ազատվելն է»: Ի դեպ, պողոտան, որը մի քանի տարի արդեն ընտրվում է ակցիայի անցկացման վայր, լի է հիմնականում թուրքական սրճարաններով, ռեստորաններով ու խանութներով։
Նկատենք, որ անցյալ տարի անցկացված ակցիան վերածվել էր հակաթուրքական մեծ երթի, որին հաջորդել էին անկարգություններ։